
«Որ խալադիլնիկի դուռը բաց ես անում, ասում է` այսինչյանը առաջադրվելու է»

«Մենք միանձնյա կուսակցություն չենք, որ որտեղ հանդիպենք, այնտեղ հայտարարենք, որ ես առաջադրվելու եմ: Արդեն որ խալադիլնիկի դուռը բաց ես անում, ասում է` այսինչյանը առաջադրվելու է»,- խոսելով նախագահական ընտրություններում իր առաջադրման հավանականության մասին, նշել է ՀԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը:
Վերջինիս փոխանցմամբ` դեկտեմբերի սկզբին կայանալիք կենտրոնական կոմիտեի պլենումում կքննարկվի այդ հարցը: Ըստ Թովմասյանի` Կոմկուսում նախագահի բազմաթիվ այլ թեկնածուներ էլ կարող են լինել բացի իրենից:
«Անցյալ օրը Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարում էր, որ 100 միլիոն դրամից ավել թույլ չենք տալու, որպեսզի ծախսվի քարոզարշավի ընթացքում: Դա մեզ համար երազանք է»,- անդրադառնալով քարոզարշավի ընթացքում ծախսվող գումարներին` նշել է Ռուբեն Թովմասյանը` հավելելով, որ իրենք անգամ 8 միլիոն դրամի գրավը վճարելու խնդիր ունեն: Իսկ խորհրդարանական ընտրությունների ֆինանսական դժվարությունները հաղթահարել են ընկերների և հանգանակությունների միջոցով:
Ըստ Կոմկուսի առաջին քարտուղարի` այսօր Հայաստանում քաղաքական դիմակահանդես է, և հայտնի չէ` ով ում ընկերն է:
«Մի մասը գովում է նրան, մի մասը արատավորում մյուսին: Քաղաքական կյանքում դեռևս պարզություն մտած չի, բավականին սուր իրադրություն է ստեղծված բոլոր հարցերում»,- ասել է Ռուբեն Թովմասյանը:
ԳԱԼԱ