Բարաք Օբաման վերընտրվեց
Երեքշաբթի օրը Միացյալ Նահանգներում անցկացված նախագահական ընտրությունների նախնական տվյալներով` գործող նախագահ, Դեմոկրատական կուսակցության թեկնածու Բարաք Օբաման առավելության հասավ իր հանրապետական մրցակից Միթ Ռոմնիի նկատմամբ։
Արդեն իսկ հայտնի է, որ Օբաման ստացել է առնվազն 303 ընտրիչների քվեն` պահանջվող 270-ի փոխարեն։
Բարաք Օբաման հայրենի Չիկագո քաղաքում իր աջակիցների առջեւ ելույթում հայտարարելով իր հաղթանակի մասին` ասել է. – «Ամերիկան շարժվում է առաջ»։
«Ամերիկայի Միացյալ Նահանգների համար լավագույնը դեռ առջեւում է», – վստահեցրել է նա։
Իսկ հանրապետական թեկնածու Միթ Ռոմնին ընդունել է իր պարտությունը: Նա ելույթ է ունեցել և հայտնել է, որ զանգահարել է իր դեմոկրատ մրցակից Բարաք Օբամային և շնորհավորել նրան ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։
«Ես աղոթում եմ այն բանի համար, որ այս բարդ ժամանակաշրջանում նախագահ Օբաման հաջողությամբ կատարի իր առաքելությունը», – Բոսթոնում ունեցած ելույթում ասել է Ռոմնին։
Նա շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգների փոխնախագահի հանրապետական թեկնածու Փոլ Ռայանին, ինչպես նաև իր տիկնոջը և բոլոր աջակիցներին։
Ժողովրդական քվեարկության արդյունքներով և’ Օբաման, և’ Ռոմնին այս պահին ունեն 49-ական տոկոս։ Այս պահի դրությամբ, Օբաման Ընտրիչների կոլեգիայում ապահովել է 303 քվե` պահանջվող 270-ի փոխարեն։
«Ազատություն» ռադիոկայան