«Բեմադրիչը ես չեմ». «Հարսնաքարի» գործով տուժող Արտակ Բայադյան
«Հարսնաքարի» գործով տուժող Արտակ Բայադյանը այսօր Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պատասխանում էր գործով մեղադրյալների պաշտպանների հարցերին:
Արտակ Բայադյանը նշեց, որ գործով մեղադրյալ Նորայր Հայրապետյանը` «փափուկ բարձ դնելով» իրենց գլխի տակ, նշելով, որ իրենք պատժելու են մատուցող Դավիթ Ադամյանին, ով հարվածել էր Վահե Ավետյանի քթին, իրենց հրավիրել է ավտոկայնատեղի:
Տուժող Արտակ Բայադյանի խոսքով` այդ պահին իրեն Նորայրի զայրույթը բնական է թվացել, բայց հետագայում, երբ սկսել են իրենց ծեծել, պարզ է դարձել, որ վերջինիս զայրույթը ձևական է եղել, և որ այն նպատակ է ունեցել իրենց ավտոկայանատեղի հասցնել:
Արտակ Բայադյանը նաև նշեց, որ Վահե Ավետյանի՝ զուգարանից ետ վերադառնալուց (Վահեն զուգարան գնացել էր քթից արյունահոսությունը կանգնեցնելու ու լվացվելու համար) մի քանի վայրկյան անց իրենց շրջապատած անձիք սկսել են ծեծել իրենց: Հարցին, թե ինչո՞ւ ծեծելու համար այլ վայր չի ընտրվել և արդյո՞ք իրենց հետ տեղի ունեցածը բեմականացված միջոցառում էր, Արտակ Բայադյանը պատասխանեց, որ բեմադրիչը ինքը չէ, հետևաբար չի կարող պատասխանել հարցին: