Վահե Ավետյանը նախկինում ճանաչե՞լ է Նորայր Հայրապետյանին
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց «Հարսնաքարի» գործով տուժող Արտակ Բայդյանի հարցաքննությունը: Վերջինս պատասխանում էր գործով մեղադրյալներ Գարիկ Մարգարյանի, Դավիթ Ադամյանի, Արթուր Բաբլոյանի, Արման Բաղդասարյանի, Արման Խաչատրյանի, Նորայր Հայրապետյանի պաշտպանների հարցերին:
Պատասխանելով Նորայր Հայրապետյանի պաշտպան Երեմ Սարգսյանի հարցերին՝ Արտակ Բայադյանը նշեց, որ չի կարող պատասխանել՝ արդյոք Նորայր Հայրապետյանը և Վահե Ավետյանը նախկինում ճանաչե՞լ են իրար կամ կոնֆլիկտ ունեցե՞լ են միմյանց հետ, թե՞ ոչ:
Արտակ Բայադյանը նշեց, որ չի կարող նաև ասել՝ ի՞նչ էր ուզում անել գործով մյուս տուժող Արկադի Աղաջանյանը, երբ նրան հանգստացնում էին` ասելով` «պետք չէ»: Արտակ Բայադյանի հաղորդմամբ՝ ինքը հետո տեղեկացել է, որ Արկադին այդ ժամանակ փորձել է զանգահարել, բայց թե ի՞նչ նպատակով և ո՞ւմ` ինքը տեղյակ չէ:
Երեմ Սարգսյանի այն հարցին, արդյոք ծեծի ընթացքում Արտակ Բայադյանը կամ նրա ընկերները հայհոյե՞լ են, Արտակ Բայադյանը պատասխանեց, որ ինքը չի հայհոյել, չեն հայհոյել նաև իր ընկերները, քանի որ ինքը չի լսել ծանոթ ձայն:
Դատական հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերի 9-ին, որի ընթացքում կշարունակվի «Հարսնաքարի» գործով տուժող Արտակ Բայադյանի հարցաքննությունը: