«ԲՄՎ X6»-ի վարորդը Հին Էրիվանի մոտ վրաերթի է ենթարկել երիտասարդ աղջիկների
Այսօր՝ նոյեմբերի 5-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:50-ի սահմաններում, «ԲՄՎ X6» մակնիշի 40 NN 004 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Թումանյան փողոցում, «Հին Էրիվան» ռեստորանային համալիրի դիմաց վրաերթի է ենթարկել երկու հետիոտնի:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հետիոտները, որոնք 18-20 տարեկան աղջիկներ են, փողոցն անցել են հետիոտնի համար նախատեսված վայրով: Նրանցից մեկին տեղափոխել են թիվ 1 համալասարանական հիվանդանոց, իսկ մյուսին՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Վրաերթի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները՝ հրամանատար Եղիշե Ենգիբարյանի գլխավորությամբ: Տեղում են նաև ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը և Ոստիկանության պարեկապահակային ծառայության 4-րդ հատուկ գումարտակի աշխատակիցները:
Վրաերթի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գագիկ Հարությունյանը:
Ոստիկանությունը փորձում է պարզել վարորդի և վրաերթի ենթարկված անձանց ինքնությունը: Նշված տարածքում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է՝ քննչական աշխատանքներ կատարելու
նպատակով:
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից Գագիկ Շամշյանին հայտնել են, որ վրաերթի ենթարկվածի վիճակը միջին ծանրության է:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված ավտոմեքենան հաշվառված է Նոր Արեշ 22 փողոցի բնակչուհի Սոնա Պետրոսյանի անվամբ: Թե արդյոք ավտոմեքենան վարել է ինքը, թե ոչ՝ դեռևս պարզ չէ: Դա պարզ կլինի քննության ընթացքում:
shamshyan.com