Կբացվեն ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններ
2013թ. պետական բյուջեի նախագծով ՀՀ դեսպանությունների և ներկայացուցչությունների պահպանման ծախսերը ծրագրավորվել է 7 մլրդ 611 մլն դրամի չափով, ինչը 2012 թ.-ի մակարդակը գերազանցում է շուրջ 919 մլն դրամով: Այս մասին այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների նոյեմբերի 5-ի համատեղ նիստում ասել է ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը:
Ծախսերի աճը պայմանավորված է Մեքսիկայում` 140,7 մլն դրամ, Ինդոնեզիայում` 150 մլն դրամ, և Վիետնամում` 146,1 մլն դրամ, նոր բացվող դեսպանությունների, Եվրոպայի Խորհրդում Հայաստանի նախագահության պատշաճ կազմակերպման, գործողությունների ծրագրի և միջոցառումների իրականացման ու համակարգման նպատակով անհրաժեշտ միջոցների` 26 մլն դրամ նախատեսմամբ:
Բացի այդ, ծախսերի աճը պայմանավորված է առանձին դեսպանություններում և ներկայացուցչություններում ներկայացուցչական ծախսերի (18,9 մլն դրամ) և 3 ծառայողական ավտոմեքենաների ձեռքբերման (47 մլն դրամ), նախկինում Հայ ավետարանչական եկեղեցու կողմից կատարվող` ՄԱԿ-ի և Վաշինգտոնի ներկայացուցչություններում աշխատող դիվանագետների ապահովագրության վճարների կատարման (24,6 մլն դրամ), Լիբանանում ու Արգենտինայում ՀՀ դեսպանների համար բնակարանների վարձակալության (25 մլն դրամ) նպատակով միջոցների նախատեսմամբ:
Ինչպես նաև` «Եկամտային հարկի մասին» օրենքի պահանջներին համապատասխան աշխատավարձի ֆոնդի վերահաշվարկմամբ և 2012 թ.-ի հաշվարկներում կիրառվածի համեմատությամբ 2013 թ.-ի հաշվարկներում կիրառված տարադրամի փոխարժեքի փոփոխման հետ կապված լրացուցիչ միջոցների նախատեսմամբ:
2013թ. արտաքին գործերի նախարարության ծախսերի ֆինանսավորման համար լրացուցիչ գումարներ են նախատեսված մայիսից 6 ամիս ժամկետով ԵԽ նախագահությունը Հայաստանի կողմից ստանձնելու հետ կապված Երևանում կազմակերպվող միջոցառումների` 4 միջազգային կոնֆերանսների, անցկացման և քարոզչության համար` համապատասխանաբար 165,3 մլն դրամ և 25 մլն դրամ:
2013թ. ԱԳՆ-ի ընդհանուր ֆինանսավորումը ծրագրված է շուրջ 10,6 մլրդ դրամ: Այդ թվում` ՀՀ դեսպանությունների և ներկայացուցչությունների պահպանման ծախսերը ծրագրավորվել է 7,6 մլրդ դրամ, միջազգային կազմակերպություններին ՀՀ-ի անդամակցության վճարներ` 1,4 մլրդ դրամ, կառավարման ապարատի պահպանում` 1,3 մլրդ դրամ, դեսպանությունների շենքերի գնում` 33 մլն դրամ:
ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության ծախսերը ծրագրված են շուրջ 155 մլն դրամի չափով: