Գավառում հնչած կրակոցների, ռազբորկայի մասնակիցներն իրենց գոլդ համարանիշներով ավտոմեքենաներով հայտնաբերվել են
Այսօր` նոյեմբերի 5-ին, Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Գավառի քննչական բաժանմունքի քննիչի կողմից ձերբակալվել է Գավառ քաղաքի Ազատության 29 հասցեի բնակիչ 31-ամյա Գևորգ Մելքոնյանը:
Վերջինս սուր կտրող-ծակող առարկայի գործադրմամբ վնասվածքներ էր պատճառել Գավառ քաղաքի Գրիգոր Լուսավորիչի 14 շենքի բնակիչ 36-ամյա Կարեն Զազյանին:
Ինչպես Գավառից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ առաջ Գ. Մելքոնյանը ձեռնաշղթայված վիճակում տեղափոխվեց Ոստիկանության Գավառի բաժնի ձերբակալվածների պահման վայր:
Ինչպես ավելի վաղ Գավառից հայտնել էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 3-ին, ավտովթար-դանակահարություն և կրակոցներ էին հնչել Գեղարքունիքի մարզում: Ժամը 00:10-ի սահմաններում Գավառի բժշկական կենտրոնից Ոստիկանության Գավառի բաժին հայտնել էին, որ որովայնի առաջնային պատի կտրած-ծակած թափանցիկ վերքեր, պարանոցի առաջնային մակերեսի կտրած ծակած վերք արտաքին լծային երակի վնասումով, աջ վերին վերջույթի դաստակի միջային մակերեսի կտրած վերք մարմնական վնասվածքով իրենց մոտ անգիտակից վիճակում տեղափոխվել էր Գավառ քաղաքի Գրիգոր Լուսավորիչի 14 շենքի բնակիչ, 36-ամյա Կարեն Զազյանը:
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ հիվանդանոց էին մեկնել Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Ա. Ադամյանը, Գավառի Ոստիկանության պետ Կարեն Նիկոլյանը, Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի պետի տեղակալ Մ. Ներսիսյանը:
Ոստիկանության Գավառի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացել, և տեղեկությունը իրացնելով` ոստիկանները պարզել էին, որ նոյեմբերի 2-ին, ժամը 23-50-ի սահմաններում, Գավառ քաղաքի «ազատապադյոմ» կոչվող տարածքի մոտ հիվանդանոց տեղափոխված Կ. Զազյանը վիճաբանել էր Գավառ քաղաքի Ազատության 29 հասցեի բնակիչ, 31-ամյա Գեւորգ Մելքոնյանի հետ: Վերջինս էլ սուր կտրող-ծակող առարկայի գործադրմամբ վնասվածքներ էր պատճառել Կ. Զազյանին:
Գավառցիները ֆոտոլրագրողին պատմել էին, որ վիճաբանությունը եղել էր ավտոմեքենաներով իրար չզիջելու եւ ազդանշան տալու համար: Եւ երբ Կ. Զազյանն ու Գ. Մելքոնյանը սկսել էին վիճաբանել իրար հետ, նրանց էր մոտեցել Վ. Զազյանը: Վերջինս եղել է «Մերսեդես» մակնիշի 91 NA 111 համարանիշի ավտոմեքենայով, իսկ Գ. Մելքոնյանը` ՎԱԶ 2121 մակնիշի 87 ՍՏ 773 համարանիշի ավտոմեքենայով:
Արդեն ժամը 01-25-ի սահմաններում նույն բժշկական կենտրոնից Ոստիկանության Գավառի բաժին հայտնել էին, որ կրծքային 12-րդ ողի ներհրում կրծքավանդակի սալջարդ ցնցումային համախտանիշ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել Գավառ քաղաքի Ազատության 67/6 շենքի բնակիչ, 30-ամյա Տարոն Աբրահամյանը:
Ոստիկանության Գավառի բաժնի աշխատակիցները կարճ ժամանակում պարզում են, որ Տ. Աբրահամյանը հիվանդանոց է տեղափոխվել այն բանի համար, երբ Կարեն Զազյանի դեպքով նրա եղբայրը` Գավառ քաղաքի Միքայելյան 12 տան բնակիչ, 30-ամյա Վարդգես Զազյանը Ազատության փողոցում վարելով Մերսեդես մակնիշի 91 NA 111 համարանիշի ավտոմեքենան, նկատում է ՎԱԶ 2121 մակնիշի 07 ՍՕ 444 համարանիշի ավտոմեքենային, որի ղեկին Տ. Աբրահամյանն է լինում:
Վ. Զազյանը մտածելով, որ իր եղբորը դանակահարել է նշված ավտոմեքենայի վարորդը, Մերսեդեսով խփել և գլխիվայր շրջել է Նիվան, ինչի հետևանքով էլ Տ. Աբրահամյանը ստացել է վնասվածքները:
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ Գեղարքունիքի մարզի ոստիկանները հայտնաբերել են չորս ավտոմեքենաները, վիճաբանության բոլոր մասնակիցներին եւ գազային ատրճանակը, որից վիճի ժամանակ հնչել են կրակոցներ: Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Գավառի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրօրի 34-104 հոդվածի (հանցափորձ, սպանություն) հատկանիշներով:
Գավառցիները ֆոտոլրագրողին պատմում էին նաեւ, որ եթե Ոստիկանությունը օպերատիվ չգործեր եւ չտիրապետեր իրավիճակին, ապա այդ «խմորը շատ ջուր կխմեր» ու անհեթեթ վիճաբանությունը, որի հետեւանքով կան վիրավորներ, կավարտվեր վրեժխնդրությամբ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Կ. Զազյանը աշխատում է Գեղարքունիքի մարզպետարանում` որպես կրթության, սպորտի եւ երիտասարդության վարչության ավագ մասնագետ, իսկ Տ. Աբրահամյանը` «Սոնագրո» ընկերությունում` որպես մենեջեր:
shamshyan.com