«Ժառանգություն» խմբակցությունը չի հեռացնի «Ազատ դեմոկրատներին»
«Շնորհակալ եմ, որ այդքան սրտացավ եք «Ժառանգության» վարկանիշի մասին: Ես լավ հիշում եմ` նախորդ գումարման ԱԺ-ում բոլոր քննադատական սլաքները «Ժառանգությանն» էին ուղղված, հիմա հետադարձ հայացքով «Dream team» (երազանքի թիմ.-Ա.Ս.) է դարձել»,- ասաց «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը` ի պատասխան հարցին` իրեն մտահոգո՞ւմ է ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունում տիրող մթնոլորտը, Խաչատուր Քոքոբելյանի հարցը, և որ բուն «Ժառանգությունից» մնացել է միայն Զարուհի Փոստանջյանը:
«Փորձել ներքաղաքական նպատակների ծառայեցնելու համար համեմատություն անել վերջին գումարման խմբակցության և այս խմբակցության մի քանի ամիսների մեջ, կարծում եմ` սխալ է: Ես ասել եմ, որ այդ մի հարցով ես սխալվել եմ, բայց սխալ չէր միասին գնալ…»,- նշեց նա:
Իսկ հարցին` թե «Ժառանգություն» խմբակցությունից կհեռացնե՞ն «Ազատ դեմոկրատներին», նա պատասխանեց. «Նախ ասեմ, որ «Ժառանգության» վարչությունը և անձամբ ես երբեք «Ազատ դեմոկրատների» կամ կոնկրետ անձանց հարցը չենք քննարկել: Սա խմբակցության խնդիրն է, և ես վստահ եմ, որ խմբակցությունը նման հեռացում չի կատարի»: