«Ես չեմ հայցում որևէ մեկի սատարումը իմ թեկնածության շուրջ». Րաֆֆի Հովհաննիսյան
«Ես հիմա պատրաստվում եմ իմ կյանքի երևի ամենակարևոր պայքարին, մենամարտ լինի, թե համապետական նշանակության հանգրվան` դուք կտաք բնորոշումները»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Բայց ես ասում եմ, որ քաղաքական առումով ինձ համար այս շրջանը ճակատագրական փուլ է, և եթե մենք այս ընթացքում զորաշարժի չենթարկենք քաղաքացիական հասարակությանը, սրտացավ կուսակցություններին, ուրեմն, կարծում եմ, որ Հայաստանը դեռ երկար ժամանակ այս էվոլուցիայով կշարունակի: Մենք վերջապես պետք է ունենանք դե յուրե նախագահություն»,- նշեց նա:
Լրագորղներից մեկը հետաքրքրվեց` ինչո՞ւ եք ամեն անգամ «սերիաներով տալիս ասուլիսներ», և երկրորդը` Ստյոպա Սաֆարյանը Ձեր առաջադրման մասին իմացել է մամուլից, Դուք չե՞ք քննարկում այդպիսի հարցերը կուսակցությունում, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց.
«Սերիաներով ասելով ի՞նչ նկատի ունեք: Կարծում եմ` առաջին անգամն էր` անցած ուրբաթ, որ այնքան եմ կարոտել ձեզ, որ ուզում էի երկու անգամ տեսնել մի շաբաթվա ընթացքում, և առավելևս` որ հիմնական հարցին` նախագահական ընտրություններում իմ մասնակցության վերաբերյալ, և մնացած հարցերը թողեցի այսօրվա համար:
Ինչ վերաբերում է Ս.Սաֆարյանին, ես նախ շնորհավորում եմ Ս.Սաֆարյանին, ով իր վրա վերցրել է թեկնածու դառնալու շատ դժվար լուծը, և վստահ եմ, որ դեկտեմբերի 2-ին նա կհաղթի և կլինի ԱԺ-ում` որպես երիտասարդ և փորձառու պատգամավոր: «Ժառանգությունը» կգումարի իր համագումարը դեկտեմբերի 15-ին, և այնտեղ որպես կուսակցություն` կորոշի, թե ի՞նչ է անելու նախագահական ընտրություններին` որպես կուսակցություն, և հույս ունեմ, որ կլինեն այլ թեկնածություններ, և մաս կկազմեն այս հավաքական թեկնածությանը»:
Հարցին էլ` եթե այդ համախմբումը Ձեր թեկնածության շուրջ չլինի, Դուք պատրա՞ստ եք հանել Ձեր թեկնածությունը` մեկ այլ հավաքական թեկնածուի օգտին, թե՞ Դուք պատրաստվում եք մինչև վերջ գնալ, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց.
«Ես չեմ հայցում որևէ մեկի սատարումը իմ թեկնածության շուրջ, ես չեմ ընդունում այդ քերականությունը, այդ մոտեցումը: Ես ասում եմ` սա հավաքական թեկնածություն է, հաղթանակի դեպքում կծառայի մի շրջան, և այդ շրջանի ավարտին` ամենաշատը 5 տարի անց, կժառանգի մի այլ որակի Հայաստան: Եվ դա ես մենակ չեմ կարող անել. այդ հավաքական թեկնածությունը ինչ-որ ծածկագիր չէ` իմ շուրջը հավաքվելու համար, հավաքական թեկնածությունը հենց դա է` քաղաքացիական հասարակություն, սրտացավ քաղաքացիներ և մտավորականներ և կուսակցություններ»:
Ըստ նրա` եթե դեկտեմբերի 15-ին ուրիշ վիճակ լինի, «Ժառանգությունը» կդիտարկի այդ վիճակը:
Հարցին, թե քաղաքական ուժերի հետ չե՞ք բանակցում Ձեր թեկնածությանը սատարելու շուրջ, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց.
«Ես որևէ մեկի հետ չեմ բանակցում, վստահ եմ, որ խորհրդակցելու հնարավորություններ կլինեն: Վերջին 40 օրերի ընթացքում հանդիպել եմ գրեթե 100 քաղաքացիների, կուսակցական ղեկավարների, գործիչների, երիտասարդների հետ, որպեսզի քննարկենք այս հավաքական թեկնածության հեռանկարները: աՀավաքական թեկնածությունն ինձ վերագրելի չէ, նշանակում է այն թիմը, որը, իմ կարծիքով, պետք է ստեղծված լինի քաղաքացիական հասարակությունից և քաղաքական ուժերից, որոնք բերելու են նոր սահմանադրություն, խորհրդարանական կառավարում, բիզնեսի և իշխանության տարանջատում, ԼՂՀ ճանաչում և մնացած ներքին և արտաքին ուղենիշները, որոնց ջատագովն է «Ժառանգությունը»»: