Բրիջիդ Բարդոն Հայաստանի կենդանասերների մասին լսել անգամ չի ցանկանում
Ֆրանսիացի կինոդերասանուհի, ֆոտոմոդել Բրիջիդ Բարդոն հայ կենդանասերների մասին լսել անգամ չի ցանկանում: Այս մասին Բրիջիդ Բարդոն իր քարտուղարներից մեկի միջոցով փոխանցել է «Dingo Animal lovers» կենդանիների պաշտպանությամբ զբաղվող բարեգործական խմբի հիմնադիր Օվսաննա Հովսեփյանին:
21 տարի լինելով բեմում, նկարահանվելով ավելի քան 48 ֆիլմերում, ձայնագրելով 80 երգ, հանդես գալով տարբեր երաժշտական շոուներում, Բրիջիդ Բարդոն 1973թ. ավարտել է իր կինոկարիերան և սկսել է զբաղվել կենդանիների պաշտպանության բնագավառում ակտիվ աշխատանքով:
Հայտնի ֆրանսիացի դերասանուհուն շատերը ճանաչում են՝ որպես բարերար, կենդանասեր: Տարիներ առաջ Բրիջիդ Բարդոն ցանկություն հայտնեց օգնել նաև հայ բարեգործական աշխատանքներով զբաղվող խմբերին և քաղաքացիներին, սակայն նրա օգնությունն այդպես էլ հասարակությունը չտեսավ:
168.am-ի հարցին, թե ինչո՞ւ չեն դիմում Բրիջիդ Բարդոյին՝ կենդանիների համար օգնություն խնդրելու համար, Օվսաննա Հովսեփյանը պատասխանեց. «Իրեն տարիներ առաջ Հայաստանից խաբել են, վերցրել են իր ուղարկած գումարներն ու կորել: Դրանից հետո նա Հայաստանի մասին լսել անգամ չի ցանկանում: Ես իր քարտուղարի հետ եմ խոսել, ուղարկել եմ մեր՝ կենդանիների պաշտպանության մասին պատմող ֆիլմը, որպեսզի կարծիք հայտներ մեր աշխատանքի մասին: Նա դիտեց, հետո, երբ սկսեցինք առավել մտերիմ զրուցել, ես հարց բարձրացրի շների պաշտպանության մասին, Բրիջիդ Բարդոն փոխանցել էր, որ այդ մասին լսել անգամ չի ցանկանում»: