ՀԱԿ-ը սպառված կառույց է. Հրանուշ Խառատյան

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի կարծիքով` Հայ ազգային կոնգրես դաշինքն այսօր սպառել է իրեն որպես քաղաքական ուժ: galatv.am-ի հետ զրույցի ժամանակ Խառատյանը կարծիք է հայտնել, որ այսօր արդեն ՀԱԿ-ը որևէ կերպ չի կարող ժողովրդին գրավել իր գաղափարներով:

«Ես ՀԱԿ-ին կբնորոշեմ որպես անուժ, իսկ անուժի դեպքում երկրորդական է, թե ում հետ կհամագործակցի, ես կարծում եմ` այն սպառված կառույց է»,- նշել է ազգագրագետը:

Նրա կարծիքով` ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի հայտարարությունները ԲՀԿ-ի հետ համագործակցության վերաբերյալ, դեռ չեն նշանակում, որ նա գիտի, թե ինչ կտա իրենց  այդ համագործակցությունը:

«Զուրաբյանը, որին ես համակրանքով եմ վերաբերվում, հստակ չի արտահայտվում, որովհետև ինքն էլ հստակ չգիտի, թե, ի վերջո, ում հետ ինչ համաձայնություն է ունենալու, բայց ինչքա՞ն կարող է ինքն իրեն խաբել և նույնիսկ ոչ միայն հստակ չգիտի, թե ում հետ, այլ նույնիսկ չգիտի` եթե այո, ապա դրանից ի՞նչ, ո՞րն է հեռանկարը»,- նկատել է Խառատյանը:

Վերջերս ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը հայտարարել էր նաև ներկա նախագահ Սերժ Սարգսյանի և երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցելու մասին: Այս առիթով Խառատյանը հիշել է նաև ժամանակին մեկ այլ համագործակցության մասին լուրերը:

«Մի շրջան նույնիսկ խոսվում էր էն մասին, որ նույնիսկ ՀԱԿ-ը կարող է համագործակցել Ռոբերտ Քոչարյանի հետ` ընդդեմ Սերժ Սարգսյանի: Գիտե՞ք, այս ամբողջը ցավալիորեն հենց քաղաքական գաղափարների պակասից է գալիս: Ամբողջը անձերով է պայմանավորված, իսկապես շատ երկրորդական է` Քոչարյա՞նն է, Սե՞րժն է, Լևոն Տեր-Պետրոսյա՞նն է, բոլորը նույն դաշտի, նույն քաղաքական հեռանկարի, Հայաստանի վերաբերյալ նույն քաղաքականության և գաղափարախոսության դաշտի մարդիկ են:

Ընդհանրապես անիմաստ է Հայաստանում ժողովրդին կոչ անել քվեարկել իդեաների օգտին, ո՞ր իդեաների օգտին»,- ընգծել է Խառատյանը:

Տեսանյութեր

Լրահոս