Հինգ համ ունեցող պտուղը
Բուժիչ նամակներ
Կիտրոնաթուփ կամ կիտրոն չինականը` Schizandra chinensis, պատկանում է մագնոլազգիների ընտանիքի կիտրոնաթփայինների ընտանիքին։ Տերևաթափ, փայտացող բարակ ցողունով` 1-2 սմ բնի հաստությամբ և 8-15 մ բարձրությամբ լիան է։ Արմատը խորացող է, բնի կեղևի գույնը` դեղնավուն կամ մուգ շագանակագույն` թեփոտվող։ Տերևները` հերթադիր, օվալ, սուր-ամբողջաեզր, բաց կանաչ, հյութալի։ Տերևակոթունները կարմիր են. տերևի երկարությունը` 5-10 սմ է, լայնությունը` 3-5 սմ։
Ծաղիկները երկսեռ են. միասեռ ծաղիկները գտնվում են նույն բույսի վրա, դրանք աճում են մեկը մյուսից առանձին։ Իգական ծաղիկները սպիտակ են, բուրավետ, ունեն բազմաթիվ վարսանդներ։ Պտուղների հասունացման շրջանում ծաղկակալը երկարում է 20-30 անգամ, և ձևավորվում է հատապտուղների ողկույզը։ Հատապտուղները կարմրանարնջագույն են, գնդաձև, յուրաքանչյուրը պարունակում է 1-2 սերմ։ Ծաղկում է գարնան վերջում, պտղաբերում է սեպտեմբեր-հոկտեմբերին։
Բույսի հայրենիքը Հեռավոր Արևելքն է, աճում է խառը հաճարենու և լայնատերև անտառներում։ Կիտրոնաթուփը մշակվում է Ռուսաստանի եվրոպական մասի մարզերում. նպատակը` բուժիչ հումք ստանալն է։
Բույսը լայն կիրառում ունի Չինաստանում, Կորեայում և Ճապոնիայում։ Բուժական նպատակներով օգտագործվում են սերմը և պտուղը։ Հատապտուղներում կա մեծ քանակությամբ խնձորաթթու, կիտրոնաթթու, գինեթթու, շաքար, տանիդներ, ներկանյութեր, եթերային յուղ, տոկոֆերոլներ, ասկորբինաթթու, նաև բույսի կենսաբանական հատկությունները բնորոշող միացություններ` սխիզանդրին և սխիզանդրոլ։ Սերմերում հայտնաբերվել են լինոլի, լինոլենի, օլեինի, այլ ճարպային թթուների գլիցերիդներ, եթերային յուղ, խեժեր։ Բույսը պարունակում է նաև մանգան, երկաթ, կրեմնիում, ֆոսֆոր, կալցիում, պեկտին, ֆլավոններ, կատեխիններ։
Կիտրոնաթփի բուժիչ հատկությունները հայտնաբերել և նկարագրել են չինացիները։ Նրանք բույսն անվանում են. «Հինգ համ ունեցող պտուղ»։
Կիտրոն չինականի պտղի կեղևը քաղցր է, պտղամիսը` թթվահամ, սերմերը` դառը և տտիպ։ Պատրաստուկները պահպանման ընթացքում ստանում են աղի համ։ Պտուղներից ստանում են կիսել, ջեմ, օշարակ, զովացուցիչ ըմպելիքներ, կոնֆետներ։ Հյութն օգտագործվում է գինու արտադրությունում։ Թարմ տերևից և մատղաշ ճյուղերից պատրաստում են կիտրոնի բույր ունեցող բուժիչ թեյ, որն օգտակար է ստամոքսահյութի ցածր թթվայնության դեպքում։
Բույսը կիրառվում է ասթենիայի և դրա հետևանքով առաջացած դեպրեսիայի, հյուծվածության, ցածր ճնշման, սակավարյունության, ցածր մթնոլորտային ճնշման դեպքում։ Պատրաստուկի ազդեցությունը զգացվում է մոտավորապես կես ժամից և բավականին երկարատև է` 5-6 ժամ։ Ինչպես և այլ ադապտոգենները, կիտրոնաթփի պատրաստուկները պետք է ընդունել օրվա առաջին կեսին` նախքան սնվելը, և երեկոյան` սնվելուց չորս ժամ հետո։ Չափաբաժինը փոփոխվում է` ըստ անհատական հատկանիշների։
Միջոցն ընդունում են փոշու (հաբի) կամ ոգեթուրմի ձևով. միջին չափաբաժիններն են` կես գրամ և 20-30 կաթիլ։
Ոգեթուրմ. 50 գ պտուղը 7 օր թրմեք 450 մլ օղու մեջ։
Եփուկ. 1 ճ/գ պտուղը 30 րոպե եփեք ջրային բաղնիքի վրա` 200 մլ եռջրում, քամեք։ Խմեք 1-ական ճ/գ` առավոտյան և երեկոյան։
Կիտրոն չինականի ավելի խիտ ոգեթուրմն օգտակար է աչքի զգայնությունը բարձրացնելու համար` այն դեպքում, երբ մարդը չի կողմնորոշվում գիշերային ժամերին։
- 25 գ պտուղը կամ սերմը մեկ շաբաթ թրմել յոթանասուն տոկոսանոց սպիրտի մեջ։ Խմել օրը մեջ` վերոգրյալ չափաբաժիններով և ժամերին։
Պտուղն ունի ստամոքսի թթվայնությունը կարգավորող հատկություն։ Պտղի հյութը զտելուց հետո քուսպը` սերմերի հետ միասին, հատուկ մշակման է ենթարկվում. նպատակը սերմերի առանձնացումն է։
- Սերմի փոշին պետք է խմել 1-ական գրամ` օրը 3 անգամ, սնվելուց առաջ, հիպերացիդ ստամոքսաբորբի դեմ։ Նման բուժման շնորհիվ իջնում է ստամոքսահյութի թթվայնությունը, և նվազում են ցավերը։
- Հյութը պետք է խմել 1-ական ճ/գ` օրը 3 անգամ, հիպացիդ ստամոքսաբորբի դեմ։
Ժողովրդական բժշկության մեջ սերմը և հյութն օգտագործվում են ստամոքսի խոցի և դիզենտերիայի բուժման համար, չոր տերևը և կեղևը` լնդախտի դեմ։ Դժվար ապաքինվող վերքերի և տրոֆիկ խոցերի բուժման համար, բացի փոշուց, եփուկից և ոգեթուրմից, կիրառվում է նաև յուղամզվածքը։
- 20 գրամ սերմի փոշին խառնեք 80 մլ ձիթապտղի յուղի հետ, մեկ օրից դրեք թույլ կրակով ջրային բաղնիքի վրա և տաքացրեք 15-20 րոպե։
Կիտրոնաթփի պտուղը և դրանից պատրաստված սննդամթերքը և դեղորայքն ունեն ադապտոգեն` ախորժացնող, ուժերը վերականգնող հատկություն։
Եթե մարդը հիվանդ է, ապա բույսի թե պտուղը և թե սերմի, տերևի, ընձյուղի կամ կեղևի պատրաստուկները կարելի է ընդունել միայն բժշկի թույլտվությամբ։