yevista.am. բիզնես միջավայրի լավագույն գործընկերը
Ո՞ւր գնալ հաց ուտելու, որտե՞ղ անցկացնել ազատ ժամանակը, ո՞ր ատամնաբուժարանում բուժել հիվանդ ատամը և ո՞ր բանկում հաշվեհամար բացել: Ի՞նչ անել, երբ գոհ ես սպասարկումից, ու ուզում ես աշխարհին պատմել այդ վայրի մասին, կամ այնքան դժգոհ ես որակից, որ անպայման պետք է զգուշացնես այդ մասին մյուսներին: Հարցեր, որ հետաքրքրում են բոլորին, ամեն օր: Այս հարցերի լուծումն է տալիս Հայաստանում արդեն 6 ամիս գործող www.yevista.am կայքը:
«Եվիստայի» գործադիր տնօրեն Խաչիկ Գևորգյանը համոզված է, որ կայքը դառնալու է Հայաստանում բիզնես միջավայրի լավագույն գործընկերը: Բոլորը պետք է խիստ շահագրգռված լինեն` տեսնելու ու հասկանալու իրենց հիմնադրած հաստատության իրական պատկերը` մատուցման և ծառայությունների որակը, պայմանները, գնային քաղաքականությունը, և այլն: Իրականում հենց այս հարցերին են պատասխանում «Եվիստայում» առկա տարբեր վայրերի մասին 3000-ից ավելի և օրեցօր ավելացող կարծիքները:
Սպառողների տեսանկյունից նույնպես այս կայքը հիանալի հնարավորություն է իմանալու, թե որոնք են տարբեր ոլորտների ամենալավ կամ ամենավատ վայրերը, և ըստ այդմ կատարել ընտրություն` հիմնվելով այլ հաճախորդների ներկայացրած կարծիքների վրա: Խաչիկ Գևորգյանը նշում է, որ մինչ օրս ստացվել են բազմաթիվ դրական արձագանքներ թե՛ տարբեր վայրերի տնօրեններից, թե՛ հաճախորդներից: Հաճախ է պատահել, որ ներկայացված կարծիքի հիման վրա տնօրինությունն անմիջապես արձագանքել է և վերացրել նշված թերություններն ու բացթողումները:
Ընդ որում, շատ հաճախ պատահում են նաև այնպիսի դեպքեր, երբ տվյալ վայրի տնօրինությունն ու աշխատողները խիստ ագրեսիվ են արձագանքում բացասական կարծիքներին, առանց նույնիսկ թերությունները շտկելու փորձ անելու: Խաչիկը նշեց, որ «Եվիստայում» գրանցված յուրաքանչյուր ոք կարող է կարծիքներ գրել ու ավելացնել նոր վայրեր:
Նման նախագծերն աշխարհում պարտադիր ունենում են նաև բջջային տարբերակներ, ինչն օգտագործողներին հնարավորություն է տալիս կարծիքներով հանդես գալ անմիջապես տվյալ վայրից` առանց համակարգչին մոտենալու: «Եվիստայի» գլխավոր ծրագրավորող, ԱՄՆ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) շրջանավարտ Արսեն Մամիկոնյանը տեղեկացրեց, որ «Եվիստայի» բջջային տարբերակից հնարավոր կլինի օգտվել արդեն մի քանի ամսից, իսկ այն պատրաստելու ընթացքում հաշվի է առնվելու համաշխարհային լավագույն փորձը: Բջջային տարբերակին զուգահեռ` նաև թարմացվում է կայքը և շուտով պատրաստ կլինի Yevista 2.0-ն:
«Եվիստայի» նախագահ, ԱՄՆ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) շրջանավարտ Տիգրան Սլոյանն անձամբ է աշխատում www.yevista.am կայքի թարմացումների վրա, որի հիմնական նպատակն է` այն ավելի հարմար ու մատչելի դարձնել օգտագործողների համար: Նա նշեց, որ գրված յուրաքանչյուր կարծիքի համար օգտատերը ստանում է միավոր, և ավելի բարձր միավոր ունեցողների կարծիքը համարվում է ավելի հավաստի ու օբյեկտիվ: Ամենաբարձր միավոր ունեցողները կոչվում են «Եվիստներ» և «Լիդերներ», և այս կոչումներով օգտատերերը «Եվիստայում» մոտ 50-ն են: Մեզ հետ զրույցում Տիգրանը շնորհակալություն հայտնեց կայքի բոլոր օգտատերերին և խոստացավ նրանց անընդմեջ զարմացնել նոր և լավագույն լուծումներով: