Շարմազանով. «ՀՀԿ-ն պաշտոնների առք ու վաճառքով չի զբաղվում»
Մենք համերաշխություն ենք քարոզում բոլոր քաղաքական ուժերի միջև, և ՀՀԿ-ն հայաստանյան քաղաքական դաշտում այն քաղաքական ուժերից է, որն իր սկզբնավորման օրից միշտ եղել է պետական և ազգային գաղափարների ջատագովն ու միշտ քաղաքականության մեջ առաջնորդվել է համերաշխության և համագործակցության սկզբունքներով: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի հայտարարությանը, թե ՀՀԿ-ն ԲՀԿ-ին առաջարկում է համերաշխություն:
«Որևէ մեկ քաղաքական գործիչ չի կարող մատնանշել, որ ՀՀԿ-ն գործել է կուսակցական շահի գերակայությամբ: Մենք միշտ գործել ենք պետական ու ազգային շահի գերակայությունից: Այո՛, մեկ անգամ չէ, որ մեր կուսակցության նախագահը և մենք ասել ենք, որ բացառապես խնդիրները քաղաքական դաշտում քննարկելու կողմնակիցներ ենք, և որևէ այլ դաշտում չենք պատրաստվում այդ խնդիրները քննարկել: Ավելին՝ մենք որևէ այլ քաղաքական ուժի մեջ թշնամիներ չենք տեսնում: ՀՀԿ-ն գտնում է, որ պայքարը պետք է գնա ոչ թե անձերի, այլ գաղափարների մեջ»,- ասաց Է. Շարմազանովը:
Մեր հարցին, թե արդյոք ԲՀԿ-ի հետ համերաշխությունը կարտահայտվի պաշտոնների վերաբաշխմա՞ն միջոցով, ՀՀԿ մամուլի խոսնակը պատասխանեց. «Հանրապետական կուսակցությունը երբեք պաշտոնների առք ու վաճառքով, գործարքներով չի զբաղվում: Բնականաբար, պաշտոնների մասին խոսելն էական և ճիշտ չէ: Ավելին՝ մենք կարղ ենք ասել, որ նման խնդիր առայժմ մեր օրակարգում չկա: Իսկ, թե արդեն ԲՀԿ-ն կամ այլ կուսակցություններ ինչպիսի ռազմավարություն կամ մարտավարություն կընտրեն, դա բացառապես տվյալ կուսակցության մենաշնորհն է»: