Հովիկ Աբրահամյանը` ՀՀԿ-ԲՀԿ միասնական շտաբի պետ
Կանխատեսումները, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նախագահական ընտրություններում սեփական թեկնածու չի առաջադրի և կամ կպաշտպանի գործող նախագահ Սերժ Սարգսյանին կամ «չեզոք» դիրք կգրավի` գնալով իրականություն են դառնում:
Դրա ամենավառ վկայությունը քիչ առաջ ՀՀԿ Գործադիր մարմնի կայացրած որոշումն էր, որ նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի շտաբը կգլխավորի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ով այսօր հրավիրված ասուլիսում հերթական անգամ կրկնել էր իր ցանկությունը` ԲՀԿ-ի կողմից Սերժ Սարգսյանին սատարելու վերաբերյալ: Հ. Աբրահամյանի նշանակումը շտաբի պետի պաշտոնում նշանակում է նաև, որ ՀՀԿ-ն ԲՀԿ-ի հետ բանակցություններում վերջնական արդյունքի է հասել: Թե ինչպիսի` պարզ կդառնա առաջիկայում:
Հակառակ պարագան, այսինքն` իրավիճակը, որ Գագիկ Ծառուկյանը կառաջադրվի Հ. Աբրահամյանի` Ս. Սարգսյանի շտաբի պետ լինելու պարագայում, ուղղակի դժվար է պատկերացնել: Դա կարող է լինել միայն մի դեպքում. եթե Գ. Ծառուկյանն առաջադրվի Սերժ Սարգսյանի ցանկությամբ: Այդ դեպքում Հովիկ Աբրահամյանը դե ֆակտո կհամակարգի երկուսի շտաբներն էլ միաժամանակ:
Այլապես, այսինքն` «կոշտ պայքարի» տրամաբանությամբ առաջադրվելու դեպքում, կստացվի, որ Հ. Աբրահամյանը պայքարելու է սեփական խնամու դեմ: Իհարկե, խնամին քաղաքական կատեգորիա չէ, սակայն հայաստանյան իրողությունների պարագայում երբեմն ավելի մեծ ազդեցություն է ունենում: Հատկապես Հովիկ Աբրահամյանի ու Գագիկ Ծառուկյանի խնամիությունը, որը, բացի ազգակցական կապից, ունի նաև քաղաքական ու տնտեսական շահերի համադրության լայն շրջանակ: Մի խոսքով, ՀՀԿ-ն` Հովիկ Աբրահամյանին շտաբի պետ նշանակելով, իրականում արձանագրել է այս իրողությունները` մոտեցնելով ԲՀԿ-ի հաջորդ դասը:
Հ.Գ. Ի դեպ, մեր տեղեկություններով՝ այսօրվա ասուլիսից առաջ Հովիկ Աբրահամյանը եղել է ՀՀ նախագահականում: