Մեծ լվացք
Նախագահական ընտրությունների քարոզարշավն արդեն մեկնարկել է` դրանից բխող բոլոր տհաճ ու ձանձրալի հետևանքներով: Երեկ, օրինակ, «Gallup International Association» անվանումով հայկական մի կազմակերպություն հրապարակել է իր կողմից իրականացված սոցիոլոգիական հարցումների տվյալները, որոնց համաձայն, բնականաբար, գործող նախագահ Սերժ Սարգսյանն անվերապահ, միանձնյա առաջատար է հռչակվել բոլոր «հոդվածներով»:
Ըստ այդ հարցումների` նա ամենահեղինակավոր գործիչն է Հայաստանում, ամենաբարձր թվով ընտրողները իրենց ձայնը կտային Սերժ Սարգսյանին, եթե ընտրություններն կայանային առաջիկա կիրակի, նրա շուրջ կհամախմբվեն ամենալայն մասսաները պատերազմի վտանգի դեպքում…
«Հայկական Gallup»-ի հրապարակած թվերը չենք նշում այն պատճառով, քանի որ դրանք իրականության հետ կապ ունեն այնքան, որքան «Gallup International Association»-ը` իրական «Gallup»-ի հետ:
Խնդիրն այն է, որ չնայած «աշխարհում դինամիկ զարգացումների, փոփոխությունների, գիտատեխնիկական առաջընթացի» մասին հայտարարություններին, ՀՀ իշխանությունն ընտրությունից ընտրություն չի փոխում իր պարզունակ մարտավարությունը` սոցհարցումների միջոցով ցանկալին որպես իրականություն ներկայացնելու էժանագին քարոզչությունը: Փոխվում են միայն դեմքերը:
Ահարոն Ադիբեկյանին փոխարինում են անգլախոս երիտասարդներն ու բարեհունչ անվանումներով կազմակերպությունները:
Իշխանություններին, ըստ ամենայնի, դուր է գալիս «լվացքը»: Մի դեպքում` նրանք պայքարում են «փողերի լվացման դեմ», այս դեպքում` իրենք զբաղվում են նրանով, ինչն անվանում են ուղեղների լվացում: