«Ժառանգությունը» ուզում է, ՀՅԴ-ն` ոչ, ԲՀԿ-ն չունի
Թիվ 35 ընտրատարածքում առաջադրված թեկնածուներ, ՀԱԿ անդամ, Գյումրու ՀԱԿ գրասենյակի պատասխանատու Մուրադ Գրիգորյանին և «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախագահ Արման Սահակյանին սատարելու որոշում «Ժառանգություն» կուսակցությունը դեռեւս չի կայացրել:
Այդ մասին galatv.am-ի լրագրողի հետ զրույցում նշել է կուսակցության Շիրակի մարզային կառույցի պատասխանատու Վահագն Հովհաննիսյանը: «Դեռևս ոչ մի որոշում չենք կայացրել, սակայն ամենայն հավանականությամբ, առաջադրված թեկնածուներից և ոչ մեկին էլ չենք սատարի: Իսկ պատճառաբանություն չկա, ուղղակի չենք ուզում»,- ասել է Վահագն Հովհաննիսյանը:
Համապատասխան որոշում, ըստ «Ժառանգություն» կուսակցության Շիրակի մարզային կառույցի պատասխանատուի, իրենք ստանալու են մայրաքաղաքից. «Երևանից դեռ ոչ մի որոշում չի եկել, կարող է միամիտ այս քանի օրը որոշում լինի, ես ստույգ ասել չեմ կարող: Ես ինքս նման որոշում չեմ կարող կայացնել, չնայած ցանկություն ունեմ սատարել ընդդիմության թեկնածուին` Մուրադ Գրիոգորյանին»,- նշել է Վահագն Հովհաննիսյանը:
ՀՅԴ Շիրակի մարզային կոմիտեի պատասխանատու Գևորգ Ալեքյանը ասել է, որ կուսակցությունը այդ հարցի վերաբերյալ արդեն որոշում կայացրել է, և իրենք չեն սատարի թիվ 35 ընտրատարածքում առաջադրված թեկնածուներից և ոչ մեկին:«
Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել, համաձայն, որի այս ընտրություններում ոչ մի թեկնածուի չենք սատարելու»:
Համապատասխան որոշում առայժմ չունի նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Կուսակցության մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը, անդրադառնալով այդ հարցին, ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում նշել է.«Այդ հարցը մեր աշխատանքային ծավալների մեջ չի եղել, հետևաբար համապատասխան որոշում դեռևս չկա, եթե լինի մենք լրացուցիչ կհայտնենք»:
Հավելենք, որ թիվ 35 ընտրատարածքում ընտրությունները կկայանան դեկտեմբերի 2-ին, իսկ նախընտրական քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 4-ից: