«Իմը 100 տոկոս ճիշտ է». Ադիբեկյանը հակադարձում է Gallup International Association-ին

«Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը` անդրադառնալով Gallup International Association-ի հայկական գրասենյակի կողմից անցկացրած սոցհարցումներին, ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում ասել է. «Առաջին և երկրորդ տեղերը բռնում են, ճիշտ է կռահած, բայց մեր մեթոդիկան ուրիշ է, մեր տվյալները ճիշտ են: Օրինակ՝ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Gallup-ը 16 տոկոսով սխալվեր էր ՀՀԿ-ի մասով, իսկ ԲՀԿ-ի մասով` 9 տոկոսով: Բացի այդ, նրանք նշել էին, թե երեք կուսակցությունից բացի ոչ մի ուժ չի անցնի խորհրդարան, բայց 6 քաղաքական ուժ տեղ զբաղեցրեց խորհրդարանում»:

Ահարոն Ադիբեկյանի  կարծիքով` հայաստանյան քաղաքական ուժերը ավելի շատ իրենց սոցհարցումներին են հավատում. «Իմ տվյալները 100 տոկոս ճիշտ են, ես երբեք չեմ սխալվում»,- ասել է Ադիբեկյանը:

Հիշեցնենք, որ Gallup International Association-ի հայկական գրասենյակի կողմից անցկացված հարցումների համաձայն` «եթե առաջիկա կիրակի տեղի ունենային նախագահական ընտրություններ, ապա ո՞ր քաղաքական գործչի օգտին կքվեարկեիք» հարցին (հարցումներն իրականցվել են ամբողջ Հայաստանի տարածքում 1067 մարդու միջև), հարցվածներից ընդամենը 11 տոկոսը պատասխանել է, որ իր ձայնը կտա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: 11 տոկոսն էլ պատասխանել է, որ «ոչ մեկին» չի տա իր ձայնը:

Առաջին հորիզոնականում` հարցվածների 28 տոկոս ձայներով, գործող նախագահ Սերժ Սարգսյանն է, երկրորդ հորիզոնականում` 18 տոկոս ձայնով` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Հարցվածների 4 տոկոսը պատասխանել է, որ իր ձայնը կտա «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, իսկ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանին և ԱԳ նախկին նախարար, ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանին` հարցվածների 3 տոկոսը` առանձին-առանձին:

ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի և ՀՅԴ-ական Վահան Հովհաննիսյանի օգտին պատասխանել է հարցվածների ընդամենը 1 տոկոսը:
Հարցմանը դժվարացել է պատասխանել 16 տոկոսը:

Տեսանյութեր

Լրահոս