«Հետազոտությունների արդյունքներին այդքան էլ չեմ հավատում». Անահիտ Բախշյան

«Ճիշտն ասած, որ ասեմ չեմ վստահում Gallup-ին, էդ էլ ճիշտ չլինի, բայց, օրինակ, այս պահին ես մտովի պատկերացնում եմ իմ ճանաչած մարդկանց, որոնց թիվը շատ մեծ է քվեարկություն կատարելիս, ապա կարող եմ ասել, որ հետազոտությունների արդյունքներին այդքան էլ չեմ հավատում»,- անդրադառնալով Gallup International Association-ի հայկական գրասենյակի կողմից Երևանում և մարզերում անցկացված սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքներին, galatv.am-ի լրագրողի հետ զրույցում ասել է «Ժառանգություն» կուսակցության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը:

Հիշեցնենք, որ Gallup International Association-ի հայկական գրասենյակի կողմից անցկացված հարցումների համաձայն` «եթե առաջիկա կիրակի տեղի ունենային նախագահական ընտրություններ, ապա ո՞ր քաղաքական գործչի օգտին կքվեարկեիք» հարցին (հարցումներն իրականցվել են ամբողջ Հայաստանի տարածքում 1067 մարդու միջև), հարցվածներից ընդամենը 11 տոկոսը պատասխանել է, որ իր ձայնը կտա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: 11 տոկոսն էլ պատասխանել է, որ «ոչ մեկին» չի տա իր ձայնը:

Առաջին հորիզոնականում` հարցվածների 28 տոկոս ձայներով, գործող նախագահ Սերժ Սարգսյանն է, երկրորդ հորիզոնականում` 18 տոկոս ձայնով` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Հարցվածների 4 տոկոսը պատասխանել է, որ իր ձայնը կտա «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, իսկ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանին և ԱԳ նախկին նախարար, ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանին` հարցվածների 3 տոկոսը` առանձին-առանձին:

ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի և ՀՅԴ-ական Վահան Հովհաննիսյանի օգտին պատասխանել է հարցվածների ընդամենը 1 տոկոսը:
Հարցմանը դժվարացել է պատասխանել 16 տոկոսը:

Անահիտ Բախշյանի խոսքով, ընդհանուր առմամբ սոցիոլոգիական հարցումները  չեն կարող արտացոլել իրականությունը, քանի որ բուն քվեարկության օրը ամեն ինչ փոխվում է: «Մենք շատ լավ գիտենք, թե ինչպես են անցնում ընտրությունները Հայաստանում: Վախի մթնոլորտ, ճնշումներ, ընտրակաշառք, բայց ցավալին այն է, որ կա նաև մարդկանց խումբ, ովքեր պատերի տակ իշխանությունից բողոքում- դժգոհում են, բայց դարձյալ ընտրում են նրանց»,- ասել է նախկին պատգամավորը:

 

Տեսանյութեր

Լրահոս