«Հայաստանում քաղբանտարկյալ չպետք է լինի, առավելևս` ընտրություններից առաջ»

Այսօր Հայ ազգային կոնգրեսը` մի շարք կազմակերպությունների հետ միասին, բողոքի ցույց էր կազմակերպել ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի առջև` ի պաշտպանություն դատապարտված ՀԱԿ 4 ակտիվիստների: ՀՀՇ վարչության նախագահ, ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանը, ով նույնպես ներկա էր այդ ցույցին, 168.am-ի հետ զրույցում ասաց, թե շատ ուրախ է, որ Հայաստանում գործող քաղաքական ուժերի երիտասարդները համախմբվում են:

«Սա իսկապես քաղաքական հաջողություն է, երբ մեկտեղվել են ՀԱԿ-ը, «Բարգավաճ Հայաստանը», «Ժառանգությունը: Երևի թե նրանք ավելի անբարդույթ են միջոցառումներ անցկացնում միասին, սա ողջունելի և հուսադրող է: Երկրորդը` մեր երկրի, և, ընդանրապես, ցանկացած երկրի համար ամոթ է, երբ բանտերում կան երիտասարդներ, ովքեր իրենց քաղաքական դիրքորոշման համար են այնտեղ: Սա ընդդիմության խնդիր չէ, սա ընդհանուր հասարակության և երկրի իմիջի խնդիր է: Կարծում եմ` իշխանությունները պետք է սթափ մոտենան: Իրավաբանական հարց գործում չկա, կա միայն քաղաքական գործ, և խնդիրն ամենևին չի լուծվում դատարանի շենքում. և´ բռնելու, և´ ազատելու հրահանգն ուրիշ տեղից է գալիս: Ես հենց նույն այդ իշխանություններին եմ դիմում` ավելի լուրջ խնդիրներից ելնելով քաղբանտարկյալ չպահել Հայաստանում ոչ թե նրա համար, որ Տիգրան Առաքելյանը մեր կուսակցության ակտիվիստներից է, երիտասարդական խորհրդի ղեկավար կազմից է, սթափվել է պետք, Հայաստանում քաղբանտարկյալ չպետք է լինի, առավելևս` ընտրություններից առաջ»,- ասաց նա:

Ա.Մանուկյանը դատապարտում է իշխանությունների կողմից իրենց իսկ ստանձնած միջազգային պարտավորությունները մերժելը (Հայաստանը միջազգային կառույցների անդամ է, և դրանք ընդհանրապես մերժում են քաղբանտարկյալների գոյությունը): «Առավելևս հիմա, երբ ԵԽ ԽՎ-ն արդեն ձևակերպում ունի քաղբանտարկյալների մասին, կարծում եմ,  իշխանությունը պետք է քայլ անի: Եթե ոչ, ես մեր կուսակցության անունից նախապես եմ ասել մեր քայլերի մասին: 10 օր առաջ Բուլղարիայում Եվրոպայի երիտասարդ լիբերալների համաժողովն էր, որին մասնակցում էին շուրջ 50 կուսակցություններ, և ՀՀՇ-ն նույնպես մասնակցեց դրան: Ընդհանրապես ՀՀՇ-ն երեք միջազգային կառույցների լիիրավ անդամ է, Հայաստանում, Հարավային Կովկասում չկա այդպիսի քաղաքական ուժ: Բուլղարիայի այդ համագումարում միաձայն քվեարկվել է պահանջել Հայաստանի իշխանություններից ազատ արձակելու քաղբանտարկյալներին: Ես չէի ուզի, որ այդ փաստաթուղթը լիներ, բայց եթե իրենք չեն ազատում, մենք շարունակելու ենք ուժեղացնել ճնշումը և ներգրավել նաև միջազգային կառույցներին: Հաջորդ համագումարները կկայանան մինչև դեկտեմբեր, մեկը լիբերալ ինտերնացիոնալինն է, մյուսը` Եվրոպայի լիբերալ կուսակցությունների»,- ասաց Ա.Մանուկյանը:

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս