
Պիտի գործի դրվեն կադրային, կազմակերպչական, նյութատեխնիկական ու ֆինանսական բոլոր միջոցները. Վ. Գասպարյան (տեսանյութ)

Նոյեմբերի 2-ին ոստիկանությունում տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:
Նախաքննության մարմինների աշխատանքում տեղ գտած թերությունները վերացնելուն և նախաքննության որակի բարձրացմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականի հրապարակումից հետո խորհրդակցության մասնակիցներն անցան ոստիկանության քննչական գլխավոր վարչության ստորաբաժանումների աշխատանքում տեղ գտած թերությունների ու բացթողումների քննարկմանը:
Խոսելով բացթողումների մասին` Վլադիմիր Գասպարյանը նշել է, որ քննչական ստորաբաժանումներում ցածր է աշխատանքային և կատարողական կարգապահությունը, քրեական գործերով քննիչների հաճախակի փոփոխությունները տրամաբանական չեն, ինչը կարելի է դիտել կամ որպես դիտավորություն, կամ չիմացության արդյունք:
Անդրադառնալով քննիչների մասնագիտական պատրաստվածությանը` ոստիկանության պետը նշեց, որ դրա անբավարար մակարդակը հետևանք է մասնագիտական պարապմունքների հանդեպ իմիջիայլոց վերաբերմունքի, և կրկին հիշեցրեց քննիչների պատասխանատվության մասին:
Վլադիմիր Գասպարյանի խոսքով` անթույլատրելի է օպերատիվ և քննչական ծառայությունների տարանջատ աշխատանքը, և ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարել է, քննիչների աշխատանքին չմիջամտելով հանդերձ, միջոցներ ձեռնարկել այդ ուղղությամբ: Մտահոգիչ իրավիճակն արագ պիտի փոխվի և դրա համար պիտի գործի դրվեն կադրային, կազմակերպչական, նյութատեխնիկական ու ֆինանսական բոլոր միջոցները, ընդգծել է ոստիկանության պետը, հակառակ դեպքում խոսք չի կարող լինել ոչ հանցավորության դեմ պայքարում պահանջվող արդյունքների, ոչ էլ ոստիկանության վարկանիշի բարձրացման մասին: