ՀՀԿ-ն ԲՀԿ-ին առաջարկում է համերաշխություն

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր ասուլիս էր հրավիրել` պատմելու իր ղեկավարած խորհրդարանական պատվիրակության Չեխիայի Հանրապետություն կատարած այցի և դրա արդյունքների մասին: Բայց լրագրողներին ավելի շատ հետաքրքրում էին ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունները, այն հարցը, թե որքանո՞վ է հնարավոր, որ ԲՀԿ-ն հայտարարի ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելու մասին:

Տպավորությունն այնպիսին էր, որ Հովիկ Աբրահմյանը տեղեկացված չէ ԲՀԿ ղեկավարի ցանկություններից, և նույնիսկ այն հարցին, թե նա ե՞րբ է այդ խնդիրների մասին խոսել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ, Հ. Աբրահամյանը պատասխանեց, որ դրա մասին պետք է խոսեն Սերժ Սարգսյանը և Գագիկ Ծառուկյանը:

Բայց Հովիկ Աբրահամյանն արտահայտեց իր ցանկությունը, այն է` առաջիկա նախագահական ընտրություններին ԲՀԿ-ն պաշտպանի Սերժ Սարգսյանի թեկնածությունը, ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն ընտրությունների գնան համերաշխ:

168.am-ի հարիցին, թե ի՞նչ է պատրաստ հանուն այդ համերաշխության դրսևորման ՀՀԿ-ն առաջարկել ԲՀԿ-ին, Հովիկ Աբրահմայանը պատասխանեց, որ ՀՀԿ-ն պատրաստ է քննարկել ցանկացած ողջամիտ առաջարկություն, որը չի ոտնահարի ՀՀԿ արժանապատվությունը:

Մեր ճշտող հարցին, թե ի՞նչ է պատրաստրաստ առաջարկել ՀՀԿ-ն, ԱԺ նախագահը պատասխանեց. «Մենք առաջարկում ենք համերաշխություն»:

Ստացվում է, որ ՀՀԿ-ն նստած սպասում է, որ ԲՀԿ-ն ինչ կառաջարկի համերաշխության դիմաց, որ իրենք էլ որոշեն` ընդունե՞լ դա, թե՞ ոչ: ԲՀԿ-ն կարծես թե առաջարկում է իրեն տալ վարչապետի պաշտոնը, բայց դա էլ կարծես թե ոտնահարում է ՀՀԿ արժանապատվությունը:

Հարցին, թե ինչպե՞ս կվերաբերվի ՀՀԿ-ն ԲՀԿ-ՀԱԿ համագործակցությանը, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց, որ դա իրենց չի վախեցնում. Ով ում հետ ուզում է, թող համագործակցի, որոշելիքն իրենցն է: Բայց նա կրկնեց, որ իր ցանկությունն է, որ բոլոր քաղաքական ուժերը համագործակցեն ՀՀԿ-ի հետ, և պաշտպանեն Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

Հովիկ Աբրահամայանի ցանկությունը, որ ԲՀԿ-ն հայտարարի Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելու մասին` պատահական չէ: Ըստ Հ. Աբրահամյանի` թեև կուսակցությունում քննարկում չի եղել և չի որոշվել, թե ով է լինելու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետը, բայց, նկատի ունենալով իր դրական փորձը, Աբրահամյանը չբացառեց, որ շտաբի պետը ամենայն հավանականությամբ կլինի ինքը: Պարզ է, որ այդ դեպքում, Հովիկ Աբրահմյանը կգերադասի ԲՀԿ-ին ունենալ որպես դաշնակից և ոչ թե մրցակից:

Հովիկ Աբրահամյանի խոսքով` իրենք ԲՀԿ-ին առաջարկում են համերաշխություն: Արդյոք սա առաջա՞րկ է, թե՞ սպառնալիք, որ համերաշխությության կոչերը չընդունելը կարող է հանգեցնել շատ հստակ կանխատեսելի հետևանքների:

 

Տեսանյութեր

Լրահոս