ՀԱԿ-ի միջոցառմանը մասնակցել են նաև ԲՀԿ-ի և «Ժառանգության» երիտասարդները (լուսանկարներ)
Այսօր ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի առջև Հայ ազգային կոնգրեսը` մի շարք կազմակերպությունների հետ միասին բողոքի ցույց էր կազմակերպել` ի պաշտպանություն դատապարտված 4 ՀԱԿ ակտիվիստների:
ՀԱԿ ակտիվիստ Արեգ Գևորգյանը, ով «Հայաստանն առանց քաղբանտարկյալների» նախաձեռնության անդամ է, 168.am-ի հետ զրույցում` խոսելով այսօրվա միջոցառման մասին, նշեց, որ միջոցառումն այսօր բավական հաջողված էր:
«Մենք այսօր բավական լավ արդյունքներ ունեցանք այն առումով, որ կոչ էինք արել այս միջոցառմանը միանալ քաղաքական և քաղաքացիական դաշտում գործող բոլոր ուժերին և կազմակերպություններին, և այսօր կայացավ այդ միավորումը հարցի շուրջ: Այստեղ ներկա էին կուսակցությունների երիտթևերի ներկայացուցիչներ, մասնավորապես` «Բարգավաճ Հայաստան» և «Ժառանգություն» կուսակցությունների, քաղաքացիական սեկտորի ներկայացուցիչներ` «Սարդարապատ» շարժում, բնապահպանական շարժումներ, «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարի» միջադեպի բոլոր մեղավորներին» նախաձեռնության անդամներ: Այնպես որ, այսօրվա միջոցառումը, կարելի է ասել, բազմաշերտ էր:
Հույսով եմ, որ Հայաստանի ապագայով մտահոգ ուժերի ջանքերի համադրմամբ մենք, վերջիվերջո, կկարողանանք հասնել մեր ընկերների ազատ արձակմանը»,- ասաց նա:
Իսկ «Հայաստանն առանց քաղբանտարկյալների» նախաձեռնության մասին Արեգ Գևորգյանն ասաց, որ այն ստեղծվել է օրեր առաջ: «Սկզբնական շրջանում նախաձեռնող խմբի մեջ էին բացառապես Կոնգրեսի անդամներ և համակիրներ, այժմ մենք պատրաստվում ենք նախաձեռնության շարքերը համալրել ավելի բազմազան ուժերի ներկայացուցիչներով, այսինքն` այսօր կայացավ այդ միավորումը: Բայց մենք նաև հրապարակել ենք հայտարարություն, որը կտեղադրենք օնլայն, կկազմակերպենք ստորագրահավաք, ինչն արդեն կամրագրի այսօրվա մեր արդյունքները»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Արեգ Գևորգյանն այն 7 ակտիվիստների թվում էր (Տիգրան Առաքելյան, Սարգիս Գևորգյան, Արեգ Գևորգյան, Արտակ Կարապետյան, Սահակ Մուրադյան, Դավիթ Քիրամիջյան և Վահագն Գևորգյան), ում բերման էին ենթարկել 2011թ. Երևանի Կարապի լճի մոտակայքում ոստիկանների հետ տեղի ունեցած միջադեպի արդյունքում, և մեկը՝ այն երեք հոգուց (Արեգ Գևորգյան, Սահակ Մուրադյան, Վահագն Գևորգյան), ում գործը կարճվեց:
2012թ. հուլիսին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 2011թ. օգոստոսի 9-ին Երևանի Կարապի լճի մոտակայքում անկարգություններ հրահրելու մեղադրանքով Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներից Տիգրան Առաքելյանին դատապարտեց 6 տարի ազատազրկման, Արտակ Կարապետյանին՝ 3, իսկ Սարգիս Գևորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը դատապարտվեցին 2 տարի ժամկետով: