«Գործի նյութերը խեղաթյուրելու յուրաքանչյուր դեպք դառնալու է առանձին քննարկման առարկա». Աղվան Հովսեփյան
«Յուրաքանչյուր դատախազ պետք է հասկանա, որ հանրապետությունում իրականացվող քրեական քաղաքականության առանցքն է՝ դրանից բխող պարտավորություններով: Դատախազի յուրաքանչյուր որոշում պետք է լինի բացատրելի՝ օրենքի շրջանակներում և հասկանալի քաղաքացիների համար՝ արդարության տեսանկյունից»,- դատախազության կոլեգիայի այսօրվա նիստում հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազը՝ դատախազների ուշադրությունը հրավիրելով քննության որակի և դրա համար դատախազների պատասխանատվության վրա:
Ա. Հովսեփյանի խոսքով` դատախազները պետք է գիտակցեն, որ նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներն են դրվելու մեղադրանքի հիմքում, որը պետք է պաշտպանեն դատարանում: Եվ պետք է հետամուտ լինեն, որ ապացույցները ձեռք բերվեն օրենքով սահմանված կարգով, քանզի միայն այդ դեպքում դա կլինի համոզիչ հասարակության համար:
Գլխավոր դատախազը նաև նախազգուշացրել է, որ քրեական գործի նյութերը խեղաթյուրելու, քրեական գործը փակուղի մտցնելու յուրաքանչյուր դեպք դառնալու է առանձին քննարկման առարկա, և քրեական գործեր կհարուցվեն թե՛ հետաքննիչի ու քննիչի, թե՛ դատախազի նկատմամբ:
Ի դեպ, ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ հայտնաբերված բացթողումների, խախտումների կապակցությամբ արդեն իսկ հարուցվել են կարգապահական վարույթներ: