Արքայազն Էնդրյուն իր անձնական բիզնես շահերն ունի Ադրբեջանում. Independent
Ըստ news.am-ի` բրիտանական Independent թերթը ուշադրության է արժանացրել արքայազն Էնդրյուի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վաղեմի կապերին, որին, ինչպես գրում է թերթը, համարում են «աշխարհի ամենակոռումպացված ու դաժան առաջնորդներից մեկը։ Մեջբերումները հոդվածից կատարում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Վերջին ժամանակում արքայազն Էնդրյուն համարվում է Բրիտանիայի առևտրի ու ներդրումների պաշտոնական ներկայացուցիչը։ Սակայն, թերթի տվյալներով, «հարկատուների գրպանից ֆինանսավորվող խոշոր ծախսերը, ինչպես նաև նրա բարեկամական կապերը խիստ կասկածելի առաջնորդների ու դատապարտված մանկապղծերի հետ», ստիպել են նրան հրաժարական տալ:
Independent-ը նշում է, որ մասնավոր ինքնաթիռի վարձակալման համար Ադրբեջան կատարած նրա ուղղեւորությունը կազմել է 60.000 Ֆունտ։
Պաշտոնապես, արտասահմանում արքայազնը պետք է զբաղվեր բրիտանական բիզնեսի պրոպագանդայով, սակայն նրա գործունեության հետեւանքով կառավարությունը հայտնվեց դժվարին ու աննախանձելի վիճակում։
«Վերջին 5 տարվա ընթացքում արքայազն Էնդրյուն արդեն 8 անգամ այցելել է Ալիևին։ Բուքինգեմյան պալատի տվյալներով, նրա բոլոր գործերը Ադրբեջանի ու մյուս երկրների հետ, որոնք մեղադրվում են մարդու իրավունքների ոտնահարման մեջ, վերջին տարիներին ընթացել են բրիտանական կառավարության գծով»,- գրում է Independent-ը։
Թերթը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, հայտնում է, որ ըստ շրջանառվող լուրերի, արքայազնը տարածաշրջանում անձնական բիզնես շահեր է հետապնդում, այդ թվում՝ կասպյան ծովափին գոլֆ-ակումբի ձեռքբերում։ Սակայն Բուքինհեմյան պալատը այդ լուրերը հերքում է։
Իսկ այժմ պաշտոնաթող արքայազնը Ադրբեջանում Բրիտանիայի դեսպանի հետ անձնական հանդիպման ընթացքում տեղեկություններ էր պահանջել տարածաշրջանի վերաբերյալ։
«Մեզ մնում է հուսալ, որ Արքայազն Էնդրյուն Բուքինհեմյան պալատի այդ հանդիպումները կօգտագործի, ու դեսպանին կապացուցի իր անհանգստությունը հայտնել Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման բազմաթիվ դեպքերի առընչությամբ»,- Independent-ի հետ հարցազրույցում հայտնեց Amnesty Internacional-ի ներկայացուցիչ Նատալյա Նոխաձեն։