Բաժիններ՝

Հայտնի է դարձել «Երգ երգոց» հաղորդման նկարահանումների ժամանակ հանկարծամահ եղած հանդիսատեսի ինքնությունը

Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող «Երգ երգոց» հաղորդաշարի հերթական հաղորդումը նկարահանելու ժամանակ երեկ` հոկտեմբերի 31-ին ժամը 16-ի սահմաններում, տաղավարում հանկարծամահ է եղել հանդիսատեսներից մեկը։

Լրատվամիջոցներում տարածված այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Գագիկ Բունիաթյանը:

Նա նշել է, որ նկարահանումների ժամանակ հանդիսատեսներից մեկը վատացել է, անմիջապես ցուցաբերվել է առաջին օգնություն և «Շտապօգնություն» են կանչել: «Առանձին սենյակ ենք տեղափոխել, ինչով կարող էինք, աջակցել ենք,  «Շտապօգնության» բժիշկները բուժօգնություն են ցուցաբերել, արհեստական շնչառություն են միացրել, սակայն չի հաջողվել փրկել նրա կյանքը»,- ասել է գործադիր տնօրենը:

Գագիկ Բունիաթյանը նշել է, որ այդ անձը նկարահանումներին եկել էր երգիչներից մեկի հրավերով` իր կնոջ և ընկերների հետ միասին: Հանրային հեռուստաընկերության աշխատակազմը ցավակցում է մահացածի ընտանիքին և հարազատներին:

Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ի թղթակցին հայտնել են, որ հանկարծամահ եղածը 50-ամյա Հրաչիկ Թադևոսյանն է: Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ըստ կայքի` ասում են, թե Հրաչիկ Թադևոսյանը առողջական խնդիրներ է ունեցել, մի քանի անգամ կաթված է տարել, սակայն այս ամենը պարզ կլինի միայն դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Նշենք, որ «Հայկական ժամանակը» գրել էր, թե Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող «Երգ երգոց» հաղորդաշարի հերթական հաղորդումը նկարահանելու ժամանակ տաղավարում հանկարծամահ է եղել հանդիսատեսներից մեկը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս