Հանդիպում` կալանավորի կամքին հակառակ
ԱԺ պատգամավորների այն խումբը, որ արդեն մեկ ամիս այցելում է ՀՀ տարբեր քրեակատարողական հիմնարկներ, այսօր կրկին այցելել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:
Սա պայմանավորված էր այն հանգամանքով, որ դատապարտյալ Արթուր Խաչատրյանն՝ ի նշան բողոքի, կտրել էր իր մատներից ևս մեկը, իսկ մի քանի կալանավորներ էլ կարել էին իրենց բերանները` հայտարարելով հացադուլ: Արթուր Խաչատրյանը հայտարարել է, որ ինքը պահանջում է իրեն տեղափոխել «Սևան» քրեակատարողական հիմնարկ:
Այսօր պատգամավորները հանդիպել են նաև ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի հետ: Վերջինս` դիմելով քրեակատարողական հիմնարկի ղեկավարությանը, հարցրել է, թե ինչո՞ւ են առանց իր հետ համաձայնեցնելու՝ նման հանդիպումներ կազմակերպում, և դա համարել է իր իրավունքների կոպիտ ոտնահարում: Առաքելյանն ասել է, որ ինքը ցանկություն չունի շփվելու ՀՀԿ-ն և ՕԵԿ-ը ներկայացնող պատգամավորների հետ, որից հետո ՕԵԿ անդամ Կարեն Բոթոյանը դուրս է եկել կալանավորի խցից: