Աչքա(ծակ) արդարադատություն

Անցած մեկ շաբաթվա ընթացքում Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում իրար հետևից տեղի ունեցան բողոքի մի քանի ակցիաներ. «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հացադուլ հայտարարեցին 4 դատապարտյալներ` բողոքելով իրենց նկատմամբ կայացված վճռի և, ընդհանրապես, կալանավայրում տիրող իրավիճակի վերաբերյալ:

Բողոքի այս ակցիան սահմռկեցուցիչ էր նրանով, որ դատապարտյալներից մեկը կտրել էր իր ճկույթը և, կրկին ի նշան բողոքի` ուղարկել էր լրատվամիջոցներից մեկի խմբագրություն: Նախօրեին էլ տեղեկություն ստացվեց այն մասին, որ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում բանտարկյալ Հայկ Գալստյանը հայտարարել է հացադուլ` կարելով աչքերը: Պայթյունավտանգ իրավիճակ է նաև «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում. կալանավայրում բողոքի ալիք է հասունանում, կալանավորները դժգոհում են ՔԿՀ-ի պայմաններից և պատրաստվում են հացադուլի: Մի քանի օր է` մամուլը գրում է ՔԿՀ վարչության պետ Հայկ Հարությունյանի, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի պաշտոնանկության անհրաժեշտության մասին, ինչին, օրինակ, վերջինս երեկ պատասխանել է առանձնակի ցինիզմով ու, ինչպես նախագահ Սերժ Սարգսյանը կասեր` լկտիությամբ:

«Աչքն ու բերանը կարելը նրանց համար արդեն սովորական բան է, ասենք, այնպես, որ աղջիկներն ականջօղեր են կախում, այդ անցքերը նրանց մոտ կան»,- երեկ հայտարարել է սույն երիտնախարարը:

Ականջօղերի անցքերի վերաբերյալ նրա գիտելիքներն, իհարկե, այլևս զարմանք չեն առաջացնում: Բայց զզվելի է, երբ անմեղսունակության հասնող անտարբերությամբ` մարդը, այն էլ` ոլորտի պատասխանատուն, մեկ ուրիշ մարդու ողբերգության մասին խոսում է նման համեմատություններով: Բայց սա այս պատմության ամբողջական պատկերը չէ:

ՔԿՀ-ներում արձանագրված միջադեպերը, դրանց մասսայականացումը ստիպում են առնվազն համեմատություններ կատարել հարևան Վրաստանում անցած ամիս կատարվածի հետ: Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, մեծ հաշվով, ընտրություններում պարտվեց հենց հայտնի բանտային սկանդալի պատճառով: Այդ հեռանկարը կարող էր գայթակղիչ թվալ նաև հայաստանյան ու` ոչ միայն հայաստանյան որոշ ուժերի համար:

Տեսանյութեր

Լրահոս