Ի՞նչ կփոխի բյուջեն կարիքավոր ընտանիքում

Այսօր ԱԺ-ում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը լրագրողների հետ զրույցում 2013թ. պետական բյուջեի սոցիալական ոլորտին հատկացված ֆինանսական հատվածը բնորոշեց՝ որպես իրատեսական:

«Այս ճգնաժամային տարիներին` 2009թ., ավելացվեց սոցիալական պաշտպանվածության ոլորտի բյուջեն, գնաց ընդլայնողական քաղաքականություն: 2009թ., որը ճգնաժամային տարի էր, նպաստների, կենսաթոշակների չափեր բարձրացվեցին, դրանից հետո նաև պահպանվում են այդ ծախսերը, այսինքն` չի իրականացվել որևէ ծրագրի կրճատում: Բնական է, որ կա խնդիր նաև ավելացնելու, այդ ավելացման առումով, գիտեք, որ արդեն նախատեսված է միջնաժամկետ ծախսերի ծրագրով 2014թ.»:

168.am-ի հարցին, թե ի՞նչ է ենթադրում իրատեսական բյուջեն, նախարարը պատասխանեց. «Առկա ռեսուրսների շրջանակներում, առկա եկամուտների շրջանակներում համապատասխան ծախսային ծրագրերի իրականացում»:

Իսկ հարցին, թե 2013թ. բյուջեով ի՞նչ կփոխվի կարիքավոր ընտանիքի համար, կարդարացվե՞ն կարիքավորների մշտական սպասելիքները կառավարությունից, սոցապնախարարը պատասխանեց.

«Եթե մենք չափենք գումարային արտահայտությամբ, արդեն նշեցինք, որ նույնն են, գումարները պահպանված են նույն չափով, բայց ես նշեցի շատ կարևոր մի համակարգի մասին`ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի, որը, կարծում եմ` շատ ավելին է, քան, ասենք, որոշակի չափերով նպաստների տրամադրումը:

Ակտիվացնել անձանց, ակտիվացնել նաև այդ նույն անապահով ընտանիքներում ընդգրկված  անձանց, աշխատունակ անձանց, և մեր ծրագրերը դարձնենք  ավելի հասցեական և թիրախային, որպեսզի այդ անձինք, ովքեր  աշխատանք  փնտրողներ են կամ անապահովության գնահատման համակարգում են ընդգրկված, իրենց տանք լրացուցիչ այլ սոցիալական ծառայություններ:

Մենք խոսում ենք սոցիալական ծառայությունների փաթեթի մասին, և ես Ձեզ հավատացնում եմ, որ դա շատ ավելի մեծ արժեք ունի, քան, ասենք, զուտ գումարային արտահայտությամբ»:

 

Տեսանյութեր

Լրահոս