Չորսից ներկա են երկուսը
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Էդուարդ Ամալյանի նախագահությամբ, այսօր սկսվեց նախնական դատական նիստ քաղաքացի Դավիթ Սանասարյանն ընդդեմ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի հայցադիմումի գործով:
Պատասխանող կողմը առարկություն ներկայացրեց առ այն, որ հայցվորի ներկայացուցիչ Մհեր Արշակյանը ևս երկու հայցադիմում է ներկայացրել դատարան, իսկ «Փաստաբանության մասին» օրենքով պարբերաբար և վճարովի հիմունքներով ծառայություն կարող է իրականացնել միայն փաստաբանը, ուստի միջնորդեց վերանայել և չճանաչել ներկայացուցչի լիազորությունները:
Հայցվորի ներկայացուցիչ Մ.Արշակյանը չընդունեց առարկությունը՝ նշելով, որ ինքը քննվող, ինչպես նաև Հրանուշ Խառատյանն ու Գարեգին Չուգասզյանն ընդդեմ Ռ.Հայրապետյանի հայցադիմումները ներկայացրել է միաժամանակ, իսկ միաժամանակ ու պարբերաբար մատուցվող ծառայությունները տարբեր հասկացություններ են: Բացի այդ, նույն հիմքով ներկայացված հայցադիմումները կարող էին միավորվել մեկ վարույթում և քննվել մեկ գործի շրջանակում:
Պատասխանող Ռուբեն Հայրապետյանը միանգամից 4 անձի է լիազորել ներկայացնելու իր շահերը, նրանցից դատական նիստին ներկայացել էին երկուսը՝ փաստաբաններ Սայաթ Բադալյանն ու Կարեն Պետրոսյանը:
Հայցվոր կողմը ժամանակ խնդրեց պատասխանողի առարկության դեմ իր գրավոր առարկությունները ներկայացնելու համար, և դատական նիստը կարճ ժամանակով ընդմիջվեց: