Բաժիններ՝

«Ակցեռնի» տնօրեն. «Կոմֆորտը գին արժե»

«Ակցեռն» անշարժ գույքի գործակալության տնօրեն Հակոբ Բաղդասարյանը համոզված է, որ միայն գինը չի, որ հետաքրքրում է սպառողին, և շատ շուտով շենքի սպասարկումը, հարմարավետությունը, վերջիվերջո «կոմֆորտն» առավել մեծ ուշադրության կարժանանա անշարժ գույքի գնորդների կողմից։

Հ. Բաղդասարյանը լրագրողների հետ իր այսօրվա հանդիպման ժամանակ մի փոքր ծանոթացրեց անշարժ գույքի գնահատման մեթոդիկային՝ նշելով, թե որ գործոններից են կախված բնակարանների գները։ Նախ, առաջին գծի բնակարաններն ավելի թանկ են։ «Միևնույն ժամանակ՝ կարևոր է, թե ինչ շենք է: Մասնավորապես, այն, թե քանի՞ հարկանի է, քանի՞ մուտք ունի: Բնականաբար, չի կարող 20-հարկանի, 2-մուտքանի շենքում, որն ունի 100 բնակիչ, բնակարանն ունենալ նույն գինը, ինչ, ասենք,  5-հարկանի և 1-մուտքանի շենքի բնակարանը՝ թեպետև այն գտնվի նույն վայրում և լինի 1-ին գիծ»,- նշեց Հ. Բաղդասարյանը:

«Կարևոր է, թե քանի հատ վերելակ կա շենքում:  Օրինակ՝ 150 բնակիչ ունեցող շենքում նորմատիվներ կան, որոնք պետք է պահպանվեն… Այսօր հաճախ 400 կիլոգրամանոց վերելակը սպասարկում է ամբողջ 150 բնակիչ ունեցող շենք»,- ասաց «Ակցեռնի» տնօրենը:

Ըստ Հ. Բաղդասարյանի՝ շենքի սպասարկումը, հարմարավետությունը, վերջիվերջո, «կոմֆորտը» գին արժեն: «Շատ շուտով վերոնշյալ գործոնները նույնպես կլինեն քաղաքացիների ուշադրության կենտրոնում: Միայն գինը չի, որ հետաքրքրում է սպառողին»,- նշեց «Ակցեռնի» տնօրենը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս