ՀՀ բնապահպանության նախարարությանը պատասխանատվության կանչելու ստորագրահավաք է անցկացվում
Բնապահպանները համացանցյան էջերում ՀՀ բնապահպանության նախարարությանը` ի դեմս նրա ղեկավար անձնակազմի, պատասխանատվության կանչելու ստորագրահավաք են անցկացնում: Ստորագրահավաքի անցկացման պատճառն, ինչպես ֆեյսբուքյան հաղորդագրությունում է նշված, ՀՀ բնապահպանության նախարարության անբարեխիղճ և անպատասխանատու աշխատանքն է:
Բնապահպանները նոյեմբերի 3-ին, ժամը 12-ին, բոլոր նրանց, ովքեր ցանկանում են միանալ իրենց բողոքին, հրավիրում են Մաշտոցի պուրակ՝ միասին անօրինությունների դեմն առնելու: Նրանք պատրաստվում են հավաքված ստորագրությունները հանձնել ՀՀ կառավարությանն ու Դատախազությանը:
Համացանցում ակտիվորեն տարածվում է բնապահպանների հայտարարությունը, որտեղ ներկայացվում են այն հիմնավորումները, թե ինչու է կազմակերպվել ստորագրահավաքը: «Վերջին տարիներին մեր երկրում ահագնացող չափերի են հասել բնության ավերումը, բնական ռեսուրսների անխնա շահագործումը և տնտեսության ոչ ռացիոնալ զարգացումը: Բնապահպանական խնդիրներն օր օրի ավելանում են, ինչն արդեն հարցականի տակ է դնում մեր պետության և ժողովրդի ապագան: Չկա բնապահպանության որևէ ոլորտ, որտեղ ճգնաժամային իրավիճակ չլինի: Փաստորեն, ՀՀ բնապահպանության նախարարությունը` նախարար Ա. Հարությունյանի ղեկավարությամբ, տապալել է ՀՀ շրջակա միջավայրի պահպանության և բնական ռեսուրսների բանական օգտագործման պետական քաղաքականության իրականացումը: Մեր կարծիքով՝ կամ Բնապահպանության նախարարն ի վիճակի չէ իրականացնելու իր գործառույթներն ու պարտականությունները, կամ նա, իր աշխատակազմի ներկայացուցիչների հետ միասին, հանցավոր համաձայնության մեջ է գտնվում բիզնես ոլորտի ներկայացուցիչների հետ` Հայաստանի Հանրապետության և նրա ժողովրդի սեփականության հաշվին»,- ասվում է հայտարարության մեջ: