Շարմազանովի պատասխանը` Ալիևին
Նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ադրբեջանցի օպերային երգիչ Բլուլբյուլի արձանի բացման արարողության ժամանակ հայտարարել էր, թե Ադրբեջանը թույլ չի տա երկրորդ հայկական պետության գոյությունը, և կգա մի օր, երբ Բյուլբյուլի և այլ ադրբեջանցի գործիչների արձանները կտեղադրվեն Շուշիում:
Ի պատասխան, ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը այսօր հայտարարություն է տարածել, որտեղ ասված է.
«Ադրբեջանի ղեկավարը շարունակում է իրականության հետ որևէ աղերս չունեցող հայտարարությունների շարանը: Հարկ եմ համարում նշել, որ Ադրբեջանը չէ, որ պետք է թույլ տա Արցախի ժողովրդին տնօրինելու սեփական ճակատագիրը: Արցախի ժողովուրդն այդ իրավունքը վաստակել է թե՛ ռազմի դաշտում և թե՛ ամրագրել հանրաքվեով:
Ինչ վերաբերում է նրան, որ չպետք է թույլ տալ երկրորդ հայկական պետության ստեղծումը, ապա հարկ է հիշել իրենց նախկին առաջնորդ Աբուլֆազ Էլչիբեյի խոսքերը. «Չկա ադրբեջաներեն, կա միայն թուրքերեն»: Այսինքն` Ադրբեջանը ոչ այլ ինչ է, քան երկրորդ թուրքական պետությունը:
Իսկ Շուշիում Բյուլբյուլի արձանի կանգնեցման առնչությամբ նշեմ, որ դրա հնարավորությունը սպառված չէ. Ադրբեջանը պետք է ճանաչի ԼՂՀ անկախությունը, դիվանագիտական հարաբերություններ հաստատի Արցախի հանրապետության հետ, բացի դեսպանատուն Շուշիում և իր դեսպանատան շենքում իր իսկ ճաշակով տեղադրի Բյուլբյուլի կամ այլ գործիչների արձանները»: