Բաժիններ՝

Օգտակար վարժություն՝ Արմեն Աշոտյանի համար

Ի կատարման ՀՀ վարչապետի հանձնարարականի, համաձայն որի` երեք նախարարությունները պետք է ներկայացնեին հարկային հաշվետվությունները, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը կառավարության այսօրվա նիստում ներկայացրեց իր հաշվետվությունը:

Կրթության ոլորտի վերաբերյալ հաշվետվության համաձայն` ՀՀ կրթության ոլորտում գործում են 2343 ուսումնական հաստատություններ, որոնցից պետական-1514, համայնքային – 640, ոչ պետական-170, այլ-19: Հիշյալ կազմակերպություններից լիցենզավորվել են 1486-ը: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:

Կրթության մասնաբաժինը ՀՆԱ-ի արտադրությունում, ընթացիկ գներով, 2012 թվականի 1-ին կիսամյակի դրությամբ կազմում է 32,657 մլրդ դրամ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 30,289 մլրդ դրամի դիմաց: Կիսամյակի աճը արդեն կազմել է 7,8%:

Կրթության ոլորտի աշխատողների միջին թվաքանակը 2012 թվականի հունվար-օգոստոս ամիսների համար կազմել է 91004.3 մարդ 2011 թվաքանակի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 1453 մարդով:

Պատկերն ըստ սեփականության ձևի հետևյալն է` պետական սեկտորում աշխատում է 76380 մարդ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 74849.9-ի դիմաց, համայնքային 11779 նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 11210-ի դիմաց և ոչ պետական 2843.8 նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 3490-ի դիմաց:

Աշխատողների միջին ամսական աշխատավարձը 2012 թվականի հունվար-օգոստոս ամիսների համար կազմել է 80884 դրամ նախորդ տարվա համեմատ աճել է 3.1%-ով:

Կրթության բնագավառի վճարովի ծառայությունների ծավալը 2012 թվականի ութ ամսվա կտրվածքով 2011 թվականի համապատասխան ժամանակահատվածի նկատմամբ ընդհանուր առմամբ նվազել է, որը հիմնականում կապված է բուհերի վճարովի ուսուցման համակարգում ուսանողների թվի իջեցմամբ` պայմանավորված 2011-2012 ուսումնական տարում դպրոցների շրջանավարտների բացակայությամբ, իսկ եկամուտների հիմնական մասը ձևավորվում է բուհերում վճարովի ուսուցման գծով ստացվող եկամուտներից, սակայն արդեն 2012 թվականի օգոստոս ամսին արձանագրվել է վճարովի ծառայությունների ծավալի 4,6% աճ: Միայն պետական բուհերում 2012-2013 ուս. տարում վճարովի սովորողների թիվը կազմել է ավելի քան 12 հազար ուսանող, նախորդ ուսումնական տարվա շուրջ 6.5 հազարի դիմաց մինչև տարեվերջ ակնկալվում է մատուցվող վճարովի ծառայությունների զգալի աճ:

Աշխատավարձի վճարմանն ուղղված միջոցների ծավալը 2012 թվականի 8 ամիսների համար կազմել է 58862 մլն դրամ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 56225 մլն դրամի դիմաց: Աճը կազմել է 2660.7 մլն դրամ կամ 4,7%: Արդյունքում սոցիալական ապահովագրության վճարների գծով ՀՀ պետական բյուջե լրացուցիչ մուտքագրվել է հաշվարկային 480 մլն դրամ:

Բուհերից 12-ը համարվում են խոշոր հարկատուներ, հատկապես պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով և գտնվում են ՀՀ-ի առաջին 100 հարկ վճարողների ցանկում:

Եթե 2011 թ. 1-ին կիսամյակում հիշյալ բուհերի կողմից պարտադիր սոց. ապահովագրության գծով վճարվել է 1709,0 մլն դրամ, 2012 թվականի 1-ին կիսամյակում վճարվել է 1965,4 մլն դրամ: Աճը կազմում է 15,0%:

Նախարարի զեկուցումից հետո վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, որ հարցը մանրակրկիտ և հետաքրքիր քննարկման է դրվել նախարարական կոմիտեի նիստում, որտեղ լսվել է նաև ՊԵԿ հարակից զեկույցը։ «Մեզ համար արձանագրեցինք մի շարք խնդիրներ, – հավելել է վարչապետը։ – Կարծում եմ՝ սա շատ օգտակար վարժություն էր և՛ պարոն Աշոտյանի, և՛ ՊԵԿ-ի համար, որպեսզի գտնենք այն բանաձևը, թե ինչպես պետք է համագործակցենք, որպեսզի ըստ ճյուղերի բացահայտենք առկա ներուժը։ Այդ քննարկումից մեզ համար օգտակար բաներ քաղեցինք»,- ասել է Տ. Սարգսյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս