Բավակա’ն է համամետվեք զարգացած երկրների հետ
Այսօր ԱԺ-ում ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը ներկայացրեց 2013թ. պետբյուջեով առողջապահության ոլորտին նախատեսված ֆինանսական ծախսերը: Քննարկումների ժամանակ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը Դ. Դումանյանին առաջարկեց որդեգրել այն սկզբունքը, որպեսզի չհամեմատենք այս ոլորտը զարգացած երկրների հետ, քանի որ դրանով միանգամից սահմանափակումներ են դնում իրենց առջև:
«Ես սա ասում եմ ոչ թե Ձեզ, այլ բարձրաձայնում եմ այս խնդիրը: Բոլոր ոլորտներում այսպես է՝ մեկ էլ տեսնես աշխատավարձի մասին ենք խոսում, ասում են՝ զարգացած երկրներում սկսել են նվազեցնել աշխատավարձերը, կենսապահովման զամբյուղից ավել եկամուտ վաստակելու հնարավորության մասին ենք խոսում` ասում են՝ զարգացած երկրներում սկսում են նվազեցնել եկամուտները: Հիմա էլ առողջապահության ոլորտում է: Ուղղակի առաջարկ և կոչ՝ բավակա’ն է մենք փորձենք զարգացած երկրների կենսամակարդակի ցուցանիշների ճգնաժամով պայմանավորված` որոշակի նվազեցումները պատճառ բերենք մեր երկրում ոլորտային քաղաքականություններում մեր անգործությունը հիմնավորելու համար»,- ասաց Ա. Մինասյանը: