ՀՅԴ-ականը ողջունում է «Ժառանգության» նախաձեռնությունը
«Արտերկրում բնակվող հայերը պետք է մասնակցեն քվեարկությանը»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՅԴ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Արտյուշա Շահբազյանը` անդրադառնալով ԱԺ «Ժառանգություն» խմբակցության կողմից ներկայացված օրենսդրական նախաձեռնությանը, ըստ որի՝ առաջարկվում է ընտրելու իրավունք սահմանել արտասահմանում բնակվող 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիների համար:
«Դա այդպես պետք է լինի: Այն, որ արտասահմանում ապրող հայերը չեն քվեարկում, դա մարդու իրավունքների կոպիտ խախտում է, հակաօրինական երևույթ: Հայաստանի քաղաքացին պետք է իրավունք ունենա ազատ ընտրություն կատարել»,- ասաց Ա. Շահբազյանը:
Ըստ նրա՝ արտասահմանում ապրում է հայերի այն զանգվածը, որը գործող իշխանություններին ձայն չի տա: Ա. Շահբազյանը կարծում է, որ «Ժառանգության» առաջարկած օրենսդրական նախաձեռնությունն ունի մի դրական կողմ. «Այն ճնշումները, լծակները, կաշառքը, որ Հայաստանում ընտրություններից առաջ պարտադրվում է, չի ազդի դրսում ապրող հայության վրա»:
Ըստ նրա՝ ընտրություններին մասնակցելու իրավունքն արտերկրում բնակվող հայերին հնարավորություն կտա՝ իրենց զգալ շաղկապված Հայաստանի հետ: «Այս իշխանությունը չի մտածում, թե ինչքա՞ն են հոգեպես կտրվում իրենց հայրենիքից այս մարդիկ, ինչպե՞ս անել, որ հայ մարդն իր երկրի նկատմամբ պարտականություն ունենա: Եթե մենք խնդիր ունենք՝ ետ բերել այդ մարդկանց, ինչո՞ւ ենք իրենց զրկում իրենց համար կարևոր իրավունքներից»,- նշեց ՀՅԴ ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 27-ին ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը խմբակցության անունից գրավոր դիմել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին՝ ՀՀ ընտրական օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանադրականությունը ՀՀ Սահմանադրական դատարանում վիճարկելու առաջարկով: Դիմումի համաձայն՝ ՀՀ ընտրական օրենսգրքի 60-րդ հոդվածը հնարավորություն չի ընձեռում արտերկրում գտնվող կամ բնակվող ՀՀ մյուս քաղաքացիներին ևս՝ իրացնելու իրենց` ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքը: