
Զարգացող երկրներում աճը կդանդաղի. Moody’s

Moody’s վարկանիշային գործակալությունը նվազեցրել է զարգացող երկրների ՀՆԱ-ի աճի կանխատեսումը
Գործակալության վերլուծաբանների գնահատականներով, զարգացող երկրների ՀՆԱ-ն ընթացիկ տարում կաճի 5.2%-ով, իսկ հաջորդ տարի՝ 5.7%-ով։ Ապրիլին Moody’s-ը կանխատեսում էր , համապատասխանաբար, 5.8% և 6% աճ։
«Մենք կանխատեսում ենք, որ զարգացած տնտեսությունների աճի դանդաղումը և կապիտալի հոսքերի կտրուկ փոփոխությունները կշարունակեն զսպող ազդեցություն ունենալ զարգացող տնտեսությունների վրա»,- ասել է Moody’s-ի սուվերեն ռիսկերի գծով վերլուծաբան Ելենա Դագգարը։ Տնտեսության աճն արգելակող գործոնների թվում են Եվրոպայի խորը ռեցեսիան, նավթի մատակարարման խափանումները՝ պայմանավորված աշխարհաքաղաքական խնդիրներով, և ԱՄՆ պետական ծախսումների կտրուկ նվազումը 2013թ. սկզբին։
Զարգացած երկրների համար կանխատեսումները չեն փոխվել։ Այս տարի G20-ի անդամ երկրներում տնտեսությունը կաճի միջինը 1.4%-ով, հաջորդ տարի՝ 2%-ով։
Հիշեցնենք, որ Հայաստանում (որը նույնպես համարվում է զարգացող երկիր) կառավարությունը խոստանում է ընթացիկ տարում ապահովել 7% տնտեսական աճ։