Բաժիններ՝

Կշարունակվի՞ «Վարդանանց պատերազմը»

ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքի էր էջում հերթական գրառումն է կատարել և նշել, որ ամառային արձակուրդների ավարտը մեր տնտեսության համար երկու վատ լուրով է նշանավորվում՝ հարկերի բարձրացում և պետական պարտքի ավելացում: Հաշվի առնելով, որ Օսկանյանի նախկին գրառմանը պատասխանել էր ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, չի բացառվում, որ նրանց միջև հեռակա բանավեճը շարունակություն ունենա։

Վ. Օսկանյանի գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ։

«Ամառային արձակուրդների ավարտը մեր տնտեսության համար երկու վատ լուրով է նշանավորվում՝ հարկերի բարձրացում և պետական պարտքի ավելացում:
«Եկամտային հարկի մասին» նոր օրենքով, որն ուժի մեջ կմտնի 2013թ. հունվարից, հարկերն ավելանում են՝ անկախ այն բանից, թե ով ինչպես կմեկնաբանի: Օրինակ՝ 100 հազար դրամ աշխատավարձ ստացողի համար գործատուն 775 դրամ ավել հարկ պետք է վճարի: Թվում է, թե սա մեծ բան չէ, բայց հաշվի

առնելով, որ կան գործատեղեր, որտեղ 50, 100 և ավելի աշխատողներ կան, սա տարեկան կտրվածքով շոշափելի գումար կկազմի գործատուի համար:
Սակայն խնդիրը դա չէ: Խնդիրը կառավարության մտածողությունն է: Կառավարության անդամները հարկի այդ հավելումը բացատրում են նոր օրենքով նախատեսված եկամտահարակի և սոցվճարումների համատեղ վճարման դեպքում ինչ-որ միջինացված թվերի կլորացման արդյունքում առաջացած պակասորդով: Հարց կառավարությանը՝ արդյոք հնարավոր չէ՞ր, որ այդ կլորացումը գոնե մի անգամ լիներ հօգուտ բիզնեսի, ինչը կարող էր հոգեբանական խթան լինել հատկապես այս օրերին, երբ տնտեսությունը ծանր վիճակում է և բիզնեսներին այդքան անհրաժեշտ են կառավարության նկատմամբ հավատը և վստահությունը: Բյուջեի համար այդ չնչին պակասորդը կառավարությունը կարող է(ր) բերել ստվերից:
Երկրորդ վատ լուրը. տարվա առաջին յոթ ամիսների ընթացքում՝ առանց որևէ լուրջ պարտք վերցնելու, արտաքին պետական պարտքն աճել է 5%-ով: Առավել մտահոգիչն այն է, որ կառավարության անդամները արդեն իրենց հարցազրույցներով և հայտարարություններով հասարակությանը նախապատրաստում են նոր պարտք վերցնելուն: Նոր պարտք ներգրավելու շուրջ բանակցություններ են ընթանում Ռուսաստանի և ԱՄՀ-ի հետ: Առաջինից 0.8-1 մլրդ դոլար ներգրավելու, երկրորդից՝ մինչև 200 մլն դոլար:
Խոսում են նաև առկա պարտքի վերաֆինանսավորման մասին, որը ինչպես էլ մեկնաբանեն, ենթադրում է պարտքի բեռի ավելացում: Չմոռանանք նաև, որ երկար սպասված «Հյուսիս-Հարավ» ճանապարհի կառուցումը նույնպես իրականացվելու է վարկային միջոցներով՝ Ասիական զարգացման բանկի կողմից տրամադրվող 500 մլն դոլարով:
Այս տեմպերով Հայաստանի պետական պարտքը շուտով կարող է հատել ՀՆԱ-ի 50%-ի շեմը: Չնայած պարտքի տեսքով այս մեծ մուտքերին, տնտեսությունում 2009-ից ի վեր էական տեղաշարժեր չեն եղել, ընդհակառակը՝ ընկել է ժողովրդի կենսամակարդակը, աճել է աղքատությունը: Սա միակ ցուցիչն է այն բանի, որ կառավարությունը սխալ քաղաքականություն է վարում, որի մասին անընդհատ բարձրաձայնվում է, բայց կառավարությունը շարունակում է չլսելու տալ: Այնքան ժամանակ, որքան կառավարությունը չի փոխում երկրի զարգացման մասին իր մտածողությունը, Հայաստանի կայուն զարգացման հեռանկարը շարունակում է մնալ մշուշոտ»,-գրել է Օսկանյանը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս