Ամերիկացի գիտնականը (Հատված)

Ռալֆ Ուոլդո Էմերսոն
(1803-1882)
Ռալֆ Ուոլդո Էմերսոնը ամերիկյան տրանսցենդենտալիզմի (անդրանցականության. հիմ) նադիրն է, ում դերն ամերիկյան մշակույթի պատմության մեջ բացառիկ է: Գրող, տեսաբան, փիլիսոփա և խոհագիր Էմերսոնն աչքի ընկավ առաջին հերթին իր «Բնությունը» խոհագրությամբ, որը դարձավ անդրանցականների (Հենրի Դևիդ Թորո, Էյմոս Օլքոթ, Ջորջ Ռիփլի, Օրեսթաս Բրաունսոն և այլք) գեղագիտական ծրագիրը: Էմերսոնը ճանաչված է նաև` որպես հմուտ և նրբին ոճաբան:

Գիրքն արժանավոր նյութ է: Ամենավաղ դարաշրջանի գիտնականն ընկալում էր իրեն շրջապատող աշխարհը, խորհրդածում նրա մասին: Իր գիտակցության մեջ նրան նոր կարգ էր սահմանում և արտահայտում այդ աշխարհը: Այն, ինչ ընկալում էր նա ինքը` կյանքն էր, այն, ինչ արտահայտում էր` ճշմարտություն էր: Այն, ինչ նա ընկալում էր` կարճաժամկետ իրադարձությունների անընդհատականությունն էր, այն ինչ արտահայտում էր` անմահ ճշմարտություններ: Այն, ինչ ընկալում էր` գործ էր, այն, ինչ արտահայտում էր` պոեզիա: Նա ընկալում էր անկյանք փաստը, իսկ արտահայտում` կենդանի միտք:

Վերջինս կարող է անշարժ մնալ, բայց կարող է նաև գործել: Այն մերթ փորձության է դիմանում, մերթ` վեր ճախրում, մերթ էլ` ոգևորում: Թե որքան բարձր է ճախրելու, որքան երկար է հնչելու որպես երգ, լիովին կախում ունի մտածողության գոյությունից, որում ծնվել է այդ միտքը:
Եվ կարելի է ասել, որ դա կախում ունի նաև այն բանից, թե ինչքան հաջող է եղել կյանքը ճշմարտության վերափոխելու պրոցեսը: Որքան լավն է շաղախը, այնքան անբեկանելի է նյութը։ Բայց ոչ մեկը, ոչ էլ մյուսը` լիովին կատարյալ չեն լինում: Ինչպես և ոչ մի պոմպով չի կարելի լիակատար վակուում ստեղծել, այդպես էլ և ոչ մի արվեստագետ չի կարող իր գրքում լիովին ազատվել անցողիկից, ավանդույթի պահանջներից կամ իր երկրի ճաշակներից, ստեղծել այնպիսի գործեր, որոնք պարունակում են միայն մաքուր միտք և բոլոր առումներով ներգործում են հեռավոր սերունդների և ժամանակների, ավելի ճիշտ կլինի ասել` հաջորդ դարաշրջանի մարդկանց վրա: Մենք գիտենք, որ յուրաքանչյուր դարաշրջան պետք է ստեղծի իր սեփական գործերը, իսկ եթե ավելի ստույգ լինենք, յուրաքանչյուր սերունդ պետք է գրքեր ստեղծի իրեն հաջորդող սերնդի համար: Նախկինում գրված գրքերն այլևս չեն բավարարում այդ սերնդին:

Սակայն հենց այստեղ էլ բացահայտվում են լուրջ մոլորությունները: Հենց ստեղծագործական գործունեության, մտածողության սրբազան իմաստով է օժտված նաև նրա արգասիքը: Հավատում էին, որ իր երգը երգող բանաստեղծն աստվածային էակ է, հետևաբար` աստվածային է նաև երգը: Գրողը մարմնավորում էր արդարության և իմաստության ոգին: Ելնելով դրանից` սկսել են համարել, որ նրա գրածն էլ կատարյալ է, այդպես հերոսի նկատմամբ ակնածանքն այլասերվում և նրա արձանի մեծարմանն է վերածվում: Եվ հենց որևէ համանման բան է կատարվում, գիրքն անմիջապես սկսում է միայն վնաս պատճառել, նրա հեղինակի ուղեկցորդից բռնակալի է վերածվում: Ժողովրդական զանգվածի սին և խեղաթյուրված մտածողությունը, որը միանգամայն տհաճությամբ է ենթարկվում բանականության ներխուժմանը, ունի այնպիսի յուրահատկություն, որ մի անգամ տեղի տալով այդպիսի ներխուժմանը, մի անգամ ընդունելով ինչ-որ գիրք, ամեն կերպ պաշտպանում է այն, անգամ, երբ այդ գիրքը քամահրում են: Դրա վրա են հիմնվում բոլոր քոլեջները: Նրա մասին գրքեր են գրում մտածողները, ոչ թե մտածող մարդիկ, այլ «շնորհալի հորինողները», այսինքն` նրանք, ովքեր հենց ի սկզբանե ընթանում են կեղծ ուղղությամբ, ովքեր առաջնորդվում են ընդունված դոգմաներով, այլ ոչ թե սկզբունքների սեփական ընկալմամբ:

Գրադարաններում աճում են վախվորած հոգով պատանյակներ, որոնք իրենց պարտքն են համարում կիսել այն հայացքները, որոնց հետևել էին Կիկերոնը կամ Լոքը, կամ էլ Բեկոնը, և մոռանում են, որ Կիկերոնը, Լոքը կամ Բեկոնը, երբ գրում էին իրենց գրքերը` չէ՞ որ իրենք էլ գրադարաններում գաճաճ պատանյակներ էին:
Եվ ահա, մտածող մարդու փոխարեն` մեր առջև գրքի որդն է: Մեր առջև մի ամբողջ շարք մարդիկ են, ովքեր լուսավորյալ են դարձել ընթերցանության շնորհիվ, և գրքերը, որպես այդպիսիք, մեծարում են ոչ թե այն պատճառով, որ դրանք նման են բնությանն ու մարդկային կեցվածքին, այլ` որ դրանք աշխարհի և հոգու հետ ինչ-որ երրորդ Դասի պես մի բան են կազմում: Մեր առջև են գրական ընթերցումների վերականգնիչները, բնագրի ստուգության բնագավառի վարպետները, բոլոր աստիճանների մոլագար գրքասերները:

Գրքերը, եթե կարողանանք դրանք օգտագործել, լավագույն բաներն են աշխարհում, իսկ եթե ճիշտ չօգտագործվեն, կարող են ամենավատերի շարքը դասվել: Ի՞նչ է նշանակում` գիրքը ճիշտ օգտագործել: Ո՞րն է այն միասնական նպատակը, որի իրականացման համար գործադրվում են բոլոր միջոցները: Գրքերը հարկավոր են միայն մի բանի` ոգեշնչում հարուցելու համար: Լավ կլինի, եթե կյանքումս ես ոչ մի գիրք չվերցնեմ, քան թույլ տամ, որ նրա ձգողական ուժն ինձ վնաս պատճառի, քանի որ գիրքն իմ շահերի շրջանակում չէ, և մասը չի կազմում իմ համակարգի, այն, նրանից անկախ, կողմնակի մարմին է: Աշխարհում միակ արժեքավոր բանը ներգործուն հոգին է: Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի օժտվելու նրանով. Այն պարփակված է ամեն մի մարդու մեջ, թեև գրեթե յուրաքանչյուր մարդու հոգին հնարավորություն չի ունենում բացահայտվելու և առայժմ նույնիսկ լույս աշխարհ չի եկել: Ներգործուն հոգին կարող է հասնել բացարձակ ճշմարտության, կարող է դրսևորել այդ ճշմարտությունը կամ ստեղծել այն:

Իր գործունեությամբ հոգին հանճարի տիպար է, և դա ոչ թե ընտրյալների և սակավաթիվ մարդկանց արտոնությունն է, այլ յուրաքանչյուր մարդու առողջ վիճակը: Իր իսկ էությամբ` այն գրավականն է առաջադիմության: Գիրքը, քոլեջը, գեղարվեստի դպրոցը, ամեն տեսակի հասարակական հաստատություն բավարարվում է անցած դարաշրջանների հանճարների որևէ հայտնագործությամբ: Նրանց դատողությունների ընթացքն այդպիսին է. հայտնագործությունը խորունկ բան է, ուրեմն եկեք հետևենք դրան: Դա կապում է իմ ձեռն ու ոտը: Այդպիսի հայացքը ոչ թե առաջ, այլ հետ է ուղղված:

Բայց հանճարն առաջ է նայում, մարդու աչքերը դեմքի վրա են, ոչ թե ծոծրակի, մարդուն սնում է հույսը, հանճարն արարում է: Մարդուն ինչպիսի տաղանդներ էլ շնորհված լինեն, եթե նա չի արարում` չի կարող մաքուր աստվածային հուր բռնկեցնել, նա կարող է ծուխ հանել, իր հետքից մոխիր թողնել, բայց ոչ բոց: Արարման կնիքը կանխորոշում է գեղարվեստական յուրաձևությունը` թե գործողությունը, թե խոսքը, այն յուրաձևությունը, այն գործողությունը և խոսքը, որոնք սովորույթներին և հեղինակություններին ենթարկվելու ոչ մի հետք չեն կրում, սակայն ծնվում են հանպատրաստից, հենց իրենց իսկ ներհատուկ բարության և գեղեցկության զգացմունքից:
Մյուս կողմից, ստեղծագործողի համար ճակատագրական է, եթե նա իր իսկ մարգարեն լինելու փոխարեն` ճշմարտությունը մի ուրիշից պատրաստի վիճակում է ստանում` հրաժարվելով ինքնուրույն մտածողությունից, մենացումից, ճշմարտությունը սոսկ իրեն ներհատուկ ձևով պաշտպանելուց, ճակատագրական է, եթե այդ ճշմարտությունը հանդես գա նույնիսկ լույսով ողողված: Հանճարը միշտ բավարար չափով ընդդիմանում է մի այլ հանճարի, եթե նրա ներգործությունը չափից ավելի շատ է լինում: Վկա` ամեն մի երկրի գրականությունը: Անգլիացի դրամատիկ բանաստեղծներն, արդեն երկու հարյուր տարի է` շեքսպիրացված են:

Անկասկած, կա ընթերցման ստույգ եղանակ, այնպես, որ այն խստիվ ենթարկված լինի բարձրագույն պահանջմունքներին: Մտածող մարդը չպետք է իրեն տրված գործիքների առաջ ընկրկի: Գրքերը գոյություն ունեն գիտնականի անզբաղ ժամանակների համար: Եթե նա ընդունակ է ընթերցելու Աստծո անմիջական նախասահմանումները` ժամանակը չափազանց թանկ է, որպեսզի վատնվի ուրիշ մարդկանց կարդացածի վերապատմումը ներկայացնող գրվածքների վրա: Բայց երբ վրա են հասնում խավարի պահերը, իսկ դրանք պետք է որ վրա հասնեն ժամանակ առ ժամանակ, կամ էլ պետք է թաքնվի արևը, և պետք է որոշ ժամանակ մարեն աստղերը` մենք դիմում ենք արևի կամ աստղերի ճառագայթից բռնկված լամպերի օգնությանը, որպեսզի դրանք մեր քայլերն ուղղեն դեպի Արևելք, որտեղից ծագում է լուսաբացը: Մենք լսում ենք, որպեսզի կարողանանք խոսել:

Արաբական առածն ասում է. «Ժանտաթզենին, նայելով մյուս ժանտաթզենուն, սկսում է պտղաբերել»: Սքանչելի է այն հաճույքի բուն բնույթը, որ մեզ պատճառում են լավագույն գրքերը: Մենք դրանցից հանգում ենք այն համոզման, որ նա, ով գրել է, և նա, ով կարդում է` ըստ բնույթի` միասնական են: Անգլիացի մեծ բանաստեղծներ, օրինակ` Չոսըրի Մարվելի կամ Դրադընի բանաստեղծությունները մեզ միանգամայն արդիական հաճույք են պատճառում այն նկատառումով, որ այդ բերկրանքը մեծ մասամբ բացատրվում է բանաստեղծի և մեր միջև եղած ինչ-որ ժսմանակավոր հեռավորության բացակայությամբ:

Խելացի մարդու համար ընթերցանությունն, անշուշտ, միանգամայն անհրաժեշտ բան է: Նա միայն ջանադիր ընթերցմամբ պետք է յուրացնի պատմությունը և բնական գիտելիքները: Ճիշտ այդպես ինչ-որ չափով միանգամայն անհրաժեշտ է քոլեջների գոյությունը. դրանք պետք է գիտելիքների հիմնական տարրերը պատվաստեն: Սակայն դրանք կարող են մեզ իսկապես ծառայել այն դեպքում, եթե դրանց նպատակը լինի ստեղծագործությունը, ոչ թե մեր գլուխը տեղեկություններ խցկելը, երբ նրանք իրենց հյուրընկալ տանիքի տակ հավաքեն բոլոր երկրամասերի հանճարներին և այդպիսով բազմիցս բորբոքված կրակով բոցավառեն իրենց մոտ սովորող պատանյակների սրտերը: Միտքը, գիտելիքն իրենց բնույթով այնպիսին են, որ այստեղ անզոր են խորամանկությունները և հավակնոտությունը:

Պատմուճանները և հիմնադրամները, թեկուզ և դրանք նվիրաբերվեն և շատ հարուստ քաղաքների կողմից, երբեք այնքան արժեք չեն ունենա, որքան ունի մտածողության ամենաաննշան դրսևորումը, նրա` թեկուզ թույլ արտացոլքը: Բավական է դա մոռանալ, և մեր քոլեջները կկորցնեն իրենց հասարակական նշանակությունը` տարեցտարի ավելի ու ավելի հարստանալով:
Ռուսերենից թարգմանեց
Վարդան Ֆերեշեթյանը

Տեսանյութեր

Լրահոս