
Վենետիկի նորաբաց 69-րդ կինոփառատոնը նոր քաղաքականություն է որդեգրել

Չորեքշաբթի Լիդո կղզում բացվել է Վենետիկի 69-րդ կինոփառատոնը: Այս տարի Վենետիկի կինոփառատոնը ֆիլմերի ընտրության նոր քաղաքականություն է որդեգրել: Վենետիկի ծրագրում այս անգամ չեն ընդգրկել հոլիվուդյան շատ աստղեր, ովքեր միշտ փառատոնի գլխավոր հերոսներն են եղել:
Կինոփառատոնը բացվել է Միրա Նաիրի «Ակամա ֆունդամենտալիստը» (The Reluctant Fundamentalist) քաղաքական դրամայով:
Պակիստանցի Մոհսին Համիդի համանուն վեպի հիման վրա նկարահանված ֆիլմը պատմում է ուոլսթրիթցի մի երիտասարդ հաջողակ պակիստանցու մասին, որի կյանքը ամբողջովին փոխվել է 2001-ի սեպտեմբերի 11-ից հետո, երբ Մանհեթենում ահաբեկչության հետևանքով քանդվել են Առևտրի համաշխարհային կազմակերպության «երկվորյակ» երկնաքերները: Ֆիլմում նկարահանվել են Ռիզ Ահմեդը, Քեյթ Հադսոնը, Քիֆեր Սազերլենդը և Լիվ Շրայբերը:
Փառատոնի մրցութային ծրագիրը բաղկացած է 18 ֆիլմից: «Ոսկե առյուծի» համար կպայքարեն Բրիլլիանտե Մենդոսան, Կիմ ԿԻ-Դուկը, Տակեշի Կիտանոն, Օլիվյե Ասսայասը և Քսավյե Ջանոլին, Ուլյրիխ Զայդլը:
Փառատոնի ամենասպասված ֆիլմերի թվում է Թոմաս Անդերսոնի «Վարպետը»:
Կինոփառատոնի կտևի մինչև սեպտեմբերի 8-ը, մրցույթի ժյուրին գլխավորում է Մայքլ Մանը,- հայտնում է Lenta.Ru-ն:
Հիշեցնենք. այս տարի Վենետիկում անցկացվող ամենամյա հնագույն միջազգային կինոփառատոնը դարձել է 80 տարեկան: 1932 թվականի այս օրը Լիդո կղզում՝ Excelsior հյուրանոցի բակում, իր աշխատանքն է սկսել աշխարհի առաջին միջազգային կինեմատոգրաֆիական փառատոնը: Բաց երկնքի տակ էկրանին ցուցադրվել է ամերիկահայ ռեժիսոր Ռուբեն Մամուլյանի «Բժիշկ Ջեքիլն ու պարոն Հայդը» ֆիլմը, որն այն ժամանակվա կինոքննադատների կողմից բարձր գնահատականի էր արժանացել: Վենետիկի առաջին կինոփառատոնում լավագույն ռեժիսորական աշխատանքի համար մրցանակ է ստացել Նիկոլայ Էկը՝ «Ուղետոմս դեպի կյանք» ֆիլմի համար: