Ասիական զարգացման բանկը կաջակցի նաև ԱԻՆ առաջնահերթություններին
Երեկ ՀՀ ԱԻ նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էին ԱԶԲ Հայաստանյան ներկայացուցիչ Դեյվիդ Դոլը, բանկի գլխամասի տարածաշրջանային գլխավոր տնտեսագետ Լիազիզա Սաբիրովան և խորհրդատու, աղետային ռիսկերի կառավարման մասնագետ Նեյլ Բրիթոնը։
Ներկայումս Ասիական զարգացման բանկը մշակում է Հայաստանի հետ համագործակցության հնգամյա ռազմավարություն, որի համար ճշտվում են տարբեր գերատեսչությունների առաջնահերթությունները։
Ողջունելով հյուրերին` փոխնախարարը նշեց, որ չնայած ԱԻՆ-ը մեր ամենաերիտասարդ նախարարություն է և կարճ ժամանակում հասցրել է արձանագրել զգալի հաջողություններ` մենք դեռ շատ անելիքներ ունենք և ցանկացած օժանդակություն մեզ համար շատ գնահատելի է։
– Մենք գիտենք, որ Հայաստանը խոցելի է տարբեր աղետների առումով, և այդ նպատակով մասնագետ ենք հրավիրել, որը կօգնի գնահատել իրավիճակը, որպեսզի մենք կարողանանք առավելագույնս օգտակար լինել ձեզ,- նշեց ԱԶԲ Հայաստանյան ներկայացուցիչ Դեյվիդ Դոլը։
Նեյլ Բրիթոնն իր հերթին նշեց, թե տեղյակ է, որ Հայաստանը վերջերս ընդունել է ԱՌՆ ազգային ռազմավարություն, և իրենք կուզենային իմանալ, թե որոնք են մեր առաջնահերթությունները։