
«Ամեն վայրկյան ես մեր թիմի հետ էի»

Ծանրամարտիկ Նազիկ Ավդալյանը հաղորդագրություն է տարածել, որտեղ անդրադարձել է Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի երեկվա հարցազրույցին:
«Ցավոք, ես վնասվածքի պատճառով չկարողացա մասնակցել օլիմպիական խաղերին, սակայն, ամեն վայրկյան ես մեր թիմի հետ էի: Վստահ կարող եմ ասել, մեր մարզիկները արժանի են ամենաջերմ խոսքերի, իսկ անհաջողություններ, իհարկե, կլինեն. Դա սպորտ է:
Անկախ մեր երկրի տնտեսական վիճակից, մեր մարզիկները Ծառուկյանի շնորհիվ ունեցել են բոլոր պայմանները օլիմպիադային նախապատրաստվելու ու հաջող հանդես գալու համար:
Ինձ հարցազրույցում ամենաշատը հետաքրքրեց մանկապատանեկան սպորտին առնչվող հատվածը: Մենք ունենք փայլուն երեխաներ, որոնց համար պայմաններ են պետք, որպեսզի վաղը դառնան իսկական չեմպիոններ: Եթե Ծառուկյանն ասում է, որ ինքը մեծ ուշադրություն է դարձնելու մանկապատանեկան սպորտին, վստահ եմ, որ դա այդպես էլ լինելու է: Ես ինքս պատրաստ եմ իմ բոլոր գիտելիքներն ու եռանդը դնել նոր չեմպիոնների պատրաստման հարցում»,- գրում է Նազիկ Ավդալյանը: