«Եկամտային հարկի մասին» օրենքից ոչ ոք չի տուժի
«Այն կազմակերպությունները, որոնք օրենքով և պայմանագրերով են աշխատում իրենց աշխատակիցների հետ, պարզապես չեն էլ նկատի այդ փոփոխությունը»,- ասում է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը
Վերջին օրերին առավել մեծ աղմուկ բարձրացրած «Եկամտային հարկի մասին» օրենքի շուրջ 168.am-ը զրուցեց ՀԳՀՄ նախագահ Գագիկ Մակարյանի հետ՝ հետաքրքրվելով, թե օրենսդրական փոփոխություններն ինչպե՞ս կանդրադառնան գործատուների վրա։ «Որպես այդպիսին՝ թե՛ գործատուները, և թե՛ աշխատակիցներն օրենքում կատարված փոփոխություններից չեն տուժի: Ասեմ ավելին, այն կազմակերպությունները, որոնք օրենքով և պայմանագրերով են աշխատում իրենց աշխատակիցների հետ, որպես կանոն, պարզապես չեն էլ նկատի այդ փոփոխությունը»,- ասաց Գ. Մակարյանը: Ըստ Մակարյանի, այն գումարը, որը գործատուն առաջ մուծում էր աշխատակցի համար՝ որպես պարտադիր սոցիալական ապահովության հարկ, այժմ կավելանա աշխատակցին՝ որպես աշխատավարձ, և հաշվարկման արդյունքում՝ կհարկվի աշխատակիցը: «Եթե հանկարծ գործատուն նվազեցնի իր ախատակցի աշխատավարձը՝ խնայելու նպատակով, նա խնդիրներ կունենա հարկային մարմինների հետ: Այս դեպքում առաջ է գալիս ևս մեկ կարևոր խնդիր՝ լավ կադրերի հավաքագրում: Որպես կանոն, կազմակերպությունները հարկեր չմուծելու համար իրենց լավագույն կադրերից չեն հրաժարվի: Գործարանները նույնպես կանգնում են խնդրի առաջ՝ բանվորության շրջանում աշխատում են բողոք չառաջացնել: Վերջիվերջո, նման մեծ կազմակերպություններում գործում են արհմիութենական կառույցներ, որոնք բողոքների դեպքում արձագանքում են և փորձում են լուծումներ տալ»,- ասաց նա:
Ըստ Գ.Մակարյանի, բնականաբար, կան օրինազանց գործատուներ, ովքեր հնարավորինս արագ կպատժվեն հարկային մարմինների կողմից: