Լավագույն խաղողն արտահանվում է
Արմավիրի մարզի գյուղացիներն արդեն արտահանում են իրենց խաղողը: «Այս սեզոնին սկսվում է խաղողի արտահանումը: Բացումն արդեն արել ենք: Սեղանի խաղողի պահանջարկը Ռուսաստանում մեծ է: Հիմնականում Վրաստան և Ռուսաստան են տանում: Հիմա իրացնելու խնդիր չկա»,- ասում է Արմավիրի մարզի Արմավիր գյուղի բնակիչ Արմեն Կարապետյանը, ով 2 հա խաղողի այգի ունի: Մշակում է սեղանի խաղող:
Մեր այն հարցին, թե ի՞նչ որակի խաղող է արտահանման հանձնվում և ի՞նչ գնով, Արմենը պատասխանեց. «Տանում են լավագույն խաղողը: Գինը մի քիչ ցածր է: Եթե հնարավորություն լինի ավելի երկար պահել, ավելի թանկ կվաճառենք: Աշնան վերջում գները համեմատաբար լավանում են, բայց իմ այգին մեծ է, վախենում եմ՝ չկարողանամ իրացնել ողջ բերքը: Հիմա հանձնում եմ 1 կգ-ն՝ 200 դրամով»: Արմենի փոխանցմամբ, այս ամիսներին հիմնական արտահանողները տեղի ձեռնարկություններն ու անհատներն են: Իսկ ձմռան ամիսներին, եթե Վրաստանի սահմանը բաց լինի, կսպասեն վրացի գնորդներին:
«Ամեն տարի վրացիները գալիս են խաղող գնելու: Եթե սահմանը բաց լինի, վրացիները միրգ կարտահանեն: Տարիներ են լինում, երբ Վրաստանը փակում է ճանապարհը՝ քաղաքական խնդիրներ են: Հաստատ ասել, որ այս տարի բաց կլինի ճանապարհը, ոչ մեկը չի կարող: Ուղղակի հույս ունենք: Եթե արտահանման ծավալները մեծանան, բնական է, մենք մեր ապրանքն առավել բարձր գնով կվաճառենք»,- ասում է խաղողագործը: