Գագիկ Ծառուկյանը չի կարող հաշվի չնստել երկրի թիվ 1 պաշտոնյայի հետ

168.am-ի հարցին, թե ինչո՞ւ Գյումրիի քաղաքապետի ընտրություններումն ԲՀԿ-ն չառաջադրեց Մարտուն Գրիգորյանի թեկնածությունը, Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ, Գյումրիի ավագանու թեկնածու Լևոն Բարսեղյանը պատասխանեց.

«ԲՀԿ-ն Գյումրիի քաղաքապետի հարցում չի կարող առաջնորդվել միայն կուսակցական շահագրգռությամբ և հետաքրքրությամբ, որովհետև ԲՀԿ-ն ղեկավարում է Հայաստանի խոշորագույն օլիգարխներից մեկը: Մարդ, որն ահռելի բիզնեսի տեր է, և համատեղում է իշխանությունն ու ԱԺ պատգամավորական մանդատը, ինքը չի կարող հաշվի չնստել երկրի թիվ մեկ պաշտոնյայի հետ: Դա հղի է ահռելի  վտանգներով` իր գործարարության, իր կուսակցաշինության նկատմամբ: Դա շատ լավ հասկանում է Գագիկ Ծառուկյանը, և չէր կարող սեփական խաղը սկսել, սեփական թեկնածուն ունենալ, որը կմտներ ընտրապայքարի մեջ Բալասանյան Սամվելի հետ: Այնպես չէ, որ երկու օրվա կուսակցություն է, և խելքները չի հասնում դրան, և որոշեցին կոնֆլիկտի չգնալ, հաշտ-համերաշխ լինել: Իսկ Գյումրում քաղաքապետի հնարավոր մյուս թեկնածուն Մարտուն Գրիգորյանն էր, որը բարոյակայն փոխհատուցման իրավունք ստացավ, որ իրեն ԲՀԿ-ն չառաջարկեց քաղաքապետի թեկնածու և չպաշտպանեց նրան: Բոլորն էլ հասկանում են, որ նա շատ ավելի մեծ քվեներ էր ապահովել ԲՀԿ-ի համար, քան Բալասանյան Սամվելը: Եվ հիմա ինքը որևէ փոխհատուցման ենթադրության տակ է»:

Լևոն Բարսեղյանը համոզված է, որ 2013թ. նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն սատարելու է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը. «Զարգացումներն ինձ հուշում են, որ առաջիկա նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն պաշտպանելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը, կամ Բալասանյան Սամվելը հերթական անգամ փոխելու է իր կուսակցությունը: Կարծում եմ` երկրորդը տեղի չի ունենա, և ԲՀԿ-ն ուղղակի կպաշտպանի Սերժ Սարգսյանի թեկնածությունը»:

Լևոն Բարսեղյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ ավելի ուշ:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս