«Գյումրեցիները հումորով են մոտենում Ղուկասյանի որդու միջադեպին»

«Ես հիմա Գյումրիում եմ ու այստեղ լարված մթնոլորտ չի տիրում: Կրակոցներ, դրա հետևանքներ չկան, ինչպես շրջանառվում է մամուլում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով Գյումրու քաղաքապետ, ՀՀԿ-ական Վարդան Ղուկասյանի որդու երեկ կատարած հերթական դեպքին:

Հիշեցնենք, որ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը երեկ Գյուրիում կրակոցներ էր արձակել:

«Դրանք, ըստ երևույթին, մամուլային աժիոտաժ են: Այստեղ բնակիչների շրջանում անգամ նման խոսակցություններ չկան: Ես զրուցել եմ բավականաչափ մարդկանց հետ ու ասեմ, որ գյումրեցիները հումորով են մոտենում այս հարցին»,- նշեց ՀՀԿ փոխնախագահը:

Իսկ մեր այն հարցին, թե արդյոք Վարդան Ղուկասյանի որդու կողմից կատարված հերթական  հանցագործությունը չի քննարկվելո՞ւ կուսակցությունում, Գ. Սահակյանը պատասխանեց. «Այնպիսի հարցադրում եք անում, ոնց որ քրեական գործի մասին եք բարձրաձայնում: Եթե նման հարց չկա, ինչպե՞ս պետք է քննարկվի: Իսկ եթե խոսքը կրակոցի մասին է, ասեմ, որ կուսակցությունները հետաքննող մարմիններ չեն. դրա համար լիազոր մարմիններ կան, բայց հավատացնում եմ, որ եթե երևույթն իրականությանը համապատասխանի, անշուշտ, պատժվողներ կլինեն»:

Կարդացեք նաև

Գ. Սահակյանինց նաև հետաքրքրվեցինք՝ արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ են շրջանառվող լուրերը, թե Վ. Ղուկասյանը, ով վերջերս իր դիմումի համաձայն հրաժարվել էր Շիրակի մարզային ղեկավարի պաշտոնից, նաև ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է ներկայացրել: Ի պատասխան, Գալուստ Սահակյանն ասաց, որ եթե դիմում ներկայացվեր, ապա ինքն այդ մասին տեղեկացված կլիներ: Ու քանի որ ինքը տեղեկացված չէ, նշանակում է՝ Վարդան Ղուկասյանը նման դիմում չի ներկայացրել:

 

Տեսանյութեր

Լրահոս