Նոբելյան մրցանակակիրների հանրային դասախոսություններ՝ Երևանում
«Նոբելյան մրցանակակիրների հանրային դասախոսություններ Երևանում» ծրագրի շրջանակներում նոյեմբերի 2-6-ը Երևանում դասախոսություններ կկարդան անվանի գիտնականներ՝ «Ֆիզիոլոգիա և բժշկություն» անվանակարգում Նոբելյան մրցանակակիր (2001թ.), թագուհու կողմից ասպետի կոչում ստացած բրիտանացի Թիմ Հանթը և «Քիմիա» անվանակարգում Նոբելյան մրցանակի դափնեկիր (2008թ.) Մարտին Չալֆին` ԱՄՆ-ից:
Գիտնականների, մասնավորապես` Թիմ Հանթի, գիտական գործունեությունն առնչվում է քաղցկեղի առաջացման դրդապատճառներին:
Նշենք, որ «Նոբելյան մրցանակակիրների հանրային դասախոսություններ Երևանում» ծրագիրն իրականացնում են «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» հ/կ-ն և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը:
168.am-ի հետ զրույցում Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ծրագրերի ղեկավար Մարթա Սիմոնյանն ասաց. «Ընդհանրապես, Հայաստանի երիտասարդական հիմնադրամը վերջին ժամանակաշրջանում մեծ ուշադրություն է դարձնում գիտական ծրագրերին: Սա ևս մի այդպիսի նախաձեռնություն է, որտեղ մենք ապահովում ենք ծրագրի անխափան լինելը: Տեղեկացնեմ, որ նախաձեռնությունն ի սկզբանե եղել է «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» հ/կ-ի կողմից: Նրանք դիմել են մեզ, որպեսզի մենք միասին իրականացնենք ծրագիրը: «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» հ/կ-ն դիմել էր նաև Կրթության և գիտության նախարարությանը, և նախարար Արմեն Աշոտյանը նույնպես աջակցում է տվյալ ծրագրին: Ծրագրի նպատակը ժամանակակից կենսաբժշկության և մոլեկուլային կենսաբանության նվաճումների ու խնդիրների վերաբերյալ մեր ուսանողներին և գիտնականներին տեղեկություն, ինչպես նաև աշխարհահռչակ գիտնականների հետ շփվելու հնարավորություն տալն ու մրցունակ դարձնել է։ Մեր երիտասարդ գիտնականները հնարավորություն կունենան նաև բարձրացնելու իրենց հարցերը և ստանալու դրանց պատասխանները: Դասախոսությունները լինելու են անգլերեն լեզվով, բայց ապահովվելու է սինխրոն թարգմանություն»:
Մարթա Սիմոնյանի խոսքով՝ դասախոսություններին մասնակցելու են կենսաբժշկության, մոլեկուլային կենսաբանության բժշկության, մոլեկուլային կենսաբժշկության, քիմիայի ու հարակից ոլորտներում ներգրավված ավելի քան 150 երիտասարդ գիտնականներ և ուսանողներ:
«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» հ/կ-ում «Նոբելյան մրցանակակիրների հանրային դասախոսություններ Երևանում» ծրագրի համակարգող Ռաֆայել Ազիզյանի փոխանցմամբ՝ այս ծրագիրն իրականացվ է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի անմիջական աջակցությամբ: Աջակցություն է ցուցաբերել նաև «Թուֆենկյան» հիմնադրամը:
«Մենք ուզում ենք, որ այդ ծրագիրը շարունակական բնույթ կրի, և եթե ֆինանսավորում ունենանք,այլ գիտնականների էլ կարող ենք հրավիրել: Նախատեսվում է հրավիրել ևս մեկ գիտնականի, ում հետ ունենք նախնական պայմանավորվածություն: Մնում է լուծել ֆինանսական հարցը: Ֆինանսական միջոցների առկայության պարագայում ծրագիրը կշարունակենք: Մենք այդ բնագավառում արդեն փորձ ունենք: Արտասահմանում գտնվող օտարազգի և հայ գիտնականների հետ ունենք կապեր: Հենց մեր կապերի միջոցով մենք կարողացանք վերոնշյալ գիտնականներին հրավիրել Հայաստան`անվճար դասախոսություններ կարդալու: Այնինչ արտասահմանում նմանատիպ դասախոսությունները պատվերով և վճարովի են (մոտ 10.000 ԱՄՆ դոլար): Այս դասախոսություններն օգտակար կարող են լինել նաև մեր ավագ սերնդի գիտնականներին, ովքեր նույնպես կարող են մասնակցել: Չնայած նախընտրելի է, որ մասնակիցների մեջ գերակշռեն երիտասարդները»,- ասաց Ռաֆայել Ազիզյանը:
Նրա խոսքով՝ մասնակիցների ընտրության ժամանակ հաշվի են առնելու տվյալ հայտատուի գիտության մեջ ունեցած ձեռքբերումները, միջազգային գիտաժողովներին ունեցած մասնակցությունը, անգլերեն լեզվի իմացությունը և այլն: «Ծրագիրն իրականացնելիս մեր թիրախ խմբերը լինելու են կենսաբանության, մոլեկուլային կենսաբանության, բժշկության, կենսաբժշկության, քիմիայի, կենսաքիմիայի և հարակից ոլորտների ներկայացուցիչները»,- հավելեց Ռաֆայել Ազիզյանը: