Արամ Կարապետյանը Հոկտեմբերի 27-ի հետ կապված նորություններ ունի

«Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը 168.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ վերջնականապես որոշել է առաջադրել իր թեկնածությունը 2013թ. նախագահական ընտրություններում: «Վերջնական որոշումն արդեն ընդունել եմ՝ առաջադրվելու եմ: Անշուշտ, ծրագրեր, գաղափարներ կան, մնում է լուծել փաստաթղթային հարցերը»,- ասաց Արամ Կարապետյանը:
Նրա խոսքով՝ չնայած մինչև նախագահական ընտրություններ դեռևս շատ ժամանակ կա, այնուամենայնիվ, ինքը վստահ է, որ գործող նախագահ Սերժ Սարգսյանը կփորձի պահպանել իր նախագահական աթոռը: «Ճիշտ է՝ մինչև նախագահական դեռ շատ բան կփոխվի, բայց իմ տպավորությամբ նախկին նախագահներից էլ ոչ մեկը սպասվող նախագահական ընտրություններին չի մասնակցի»,- ասում է նա:

168.am-ի հարցին՝ արդյոք Ձեր դռան շեմի «փալասի տակ» շարունակո՞ւմ են հետաքրքիր նորություններ թողնել, ՆԺԿ նախագահը պատասխանեց, որ դրանք շատ են: «Չեք պատկերացնում՝ ինչքան նորություններ են ավելացել: Անգամ մտադրված էի դռան շեմս փոխել, քանի որ նորությունների համար էլ տեղ չկա: Այդ նորությունները բազմաբնույթ են՝ սկսած նրանից, թե ինչպե՞ս են իշխանության գլխում կանգնած մարդիկ հասել դրան, ինչպիսի՞ կապերի մեջ են եղել, ի՞նչ փողեր են տարվել, որտե՞ղ են հայտնվել: Մի խոսքով, քսան տարվա անկախ Հայաստանի ամենադաժան անցքերն ամբողջությամբ: Հիմա, երբ ձեռքիս տակ, իմ կարծիքով, ունեմ իրողությունները, ահռելի քանակությամբ փաստացի թղթեր, տվյալներ, մտածում եմ, թե Հայաստանն ինչպե՞ս է դուրս գալու այս ամենի տակից»,- ասաց Արամ Կարապետյանը:

Հետաքրքրվեինք, թե, այնուամենայնիվ, որո՞նք են եղել ՆԺԿ նախագահի ստացած ամենահետաքրքիր ու անսպասելի վերջին նորութունները: Ի պատասխան, Ա. Կարապետյանն ասաց. «Դրանք երկուսն են. առաջինը՝ 1991 թվականի անկախության գործընթացի ու դրանից առաջ ГКЧП-ի հետ կապված խնդիների մասին է: Մյուս կարևոր հանգամանքը հոկտեմբերի 27-ին է վերաբերում»:

 

Տեսանյութեր

Լրահոս