
Իրանը Հայաստանից էլեկտրաէներգիա է ստանում, իսկ Թուրքմենստանից՝ բնական գազ

Իրանը հարևան երկրների հետ իրականացնում է բնական գազի ներկրում և արտահանում: Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը` վկայակոչելով Իրանի ազգային գազափոխադրման ընկերության գործադիր տնօրեն Ռեզա Ալմասին:
Ալմասիի խոսքով` Իրանը գազի և էլեկտրաէներգիայի փոխանակություն է կատարում Հայաստանի հետ, գազ արտահանում Թուրքիա, գազ ներկրում Թուրքմենստանից:
Իրանն ու Հայաստանը 2011-ի փետրվարին համաձայնագիր են կնքել գազը էլեկտրաէներգիայով փոխանակելու վերաբերյալ: Հայաստանը, ինչպես ասված է համաձայնագրում, պատրաստ է 2,4 մլրդ կվտ/ժամ էլեկտրաէներգիա տրամադրել` 801 մլն խորանարդ մետր իրանական գազի դիմաց:
Իրանը տարեկան Թուրքիան է արտահանում ավելի քան 30 մլն խորանարդ մետր գազ:
Թուրքմենստանից Իրանը սկսել է բնական գազ ներկրել 1995 թվականից, այն բանից հետո, երբ կողմերը 25 տարի ժամկետով համաձայնագիր կնքեցին, համաձայն որի` Թուրքմենստանը պետք է աստիճանաբար ընդլայնի դեպի Իրան ֆիքսված գնով գազի մատակարարումը՝ այն հասցնելով տարեկան մինչև 8 մլրդ խորանարդ մետրի: