Ռուսաստանը պատրաստվում է ստեղծել նոր սերնդի Sukhoi SuperJet-100
«Միացյալ ավիաշինական ընկերությունը» ծրագրում է ստեղծել նոր սերնդի Sukhoi SuperJet-100, որը կհամալրի ռուսական ավիապարկը: Այս մասին այսօր գրել է մամուլը` հղում անելով Միացյալ ավիաշինական ընկերությանը:
Ավելի վաղ ՌԴ արդյունաբերության ու առևտրի նախարարությունը հատկացրել էր շուրջ 2.6 մլրդ ռուբլի` նոր ուղևորատար ինքնաթիռի ստեղծման աշխատանքներ սկսելու համար:
Ծրագիրը կհիմնվի ռուսական մյուս քաղաքացիական ինքնաթիռների ներդաշնակեցման սկզբունքի, այդ թվում` «Իրկուտ» կորպորացիայի МС-21 ընտանիքի հիման վրա,- գրում է «Իզվեստիան»:
«Օգտագործելով SSJ-100-ի կուտակված փորձը, ՄԻ-21-ի հեռանկարային տեխնիկական ու տեխնոլոգիական լուծումները, նախագիծը նպատակ ունի ստեղծել մի օդանավ, որն իր բնութագրով կգերազանցի օտարերկրյա մրցակիցներին»,- թերթին հայտնել են նախարարության ավիացիոն արդյունաբերության վարչությունից:
Ըստ թերթի` նոր SuperJet-ը կարող է տեղափոխել մինչև 130 մարդու: Ըստ նախարարության` առաջիկա 20 տարում համաշխարհային շուկային հարկավոր կլինի 15.000 նմանատիպ ինքնաթիռ:
Հիշեցնենք, որ Sukhoi Superjet-100 ինքնաթիռի առաջին գնորդը` հայկական «Արմավիա» ավիաընկերությունը, ցանկանում է վերադարձնել օդանավը գործարան, ինչպես նաև հետ ստանալ ավելի քան 1 մլն ԱՄՆ դոլար գումարը, որը ծախսել է ինքնաթիռի վերանորոգման համար երաշխիքային ժամկետի ընթացքում: Ազգային ավիափոխադրողը հրաժարվել է նաև ձեռք բերել երկրորդ SSJ-100 –ը: